Նեպալի նախկին վարչապետ Շեր Բահադուր Դեուբան և նրա կինը՝ երկրի գործող արտգործնախարար Արզու Ռանա Դեուբան, հարձակման են ենթարկվել զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ։ Այս մասին հայտնում է «India Today» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով` քաղաքական գործիչները տուժել են ցուցարարների կողմից ծեծի հետևանքով։ Ինչպես նշում է «Associated Press» գործակալությունը, ցուցարարները նաև հրդեհել են արտգործնախարարին պատկանող մասնավոր դպրոցը։
Հիշեցնենք` անցած շաբաթվա վերջին Նեպալի իշխանություններն արգելեցին մի քանի խոշոր սոցցանցերի գործունեությունը, որոնք սահմանված ժամկետում չեն գրանցվել Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։ Խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Նեպալի կոմունիստական կուսակցության (մաոիստական կենտրոն) ավագ կուսակցական կազմակերպիչ Հիթ Ռաջ Պանդին հայտարարեց, որ որոշումն անընդունելի է և զգուշացրեց, որ սոցցանցերի փակումը կարող է երկրում քաոս առաջացնել։
Զանգվածային բողոքի ցույցերը, որոնց հիմնականում երիտասարդներ են մասնակցում, Նեպալի մայրաքաղաքում սկսվեցին սեպտեմբերի 8-ին և տարածվեցին երկրի մի քանի խոշոր քաղաքներում։ Ոստիկանության հետ բախումների հետևանքով սպանվել է 19 ցուցարար, վիրավորների թիվը գերազանցում է 300–ը։