«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում համընդհանուր պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը շարունակում է մնալ թղթի վրա։ Տարեցտարի հայտարարվում է, որ մեկնարկը մոտ է, սակայն ծրագիրը մշտապես հետաձգվում է։
Այս ձախողման առաջին պատասխանատուն փոխնախարար Լենա Նանուշյանն է։ Նա համակարգում է գործընթացը, սակայն իր պաշտոնավարման ընթացքում չի ապահովել ո՛չ ժամանակացույցի, ո՛չ էլ իրական արդյունքի պահպանում։ Նանուշյանը հայտնի է նրանով, որ հաջողությամբ խուսափում է պատասխանատվությունից՝ անտեղյակ լինելով իր ոլորտի բազմաթիվ նրբություններից։ Այսօր էլ նա փորձում է ձախողումը բարդել նախարար Անահիտ Ավանեսյանի վրա՝ ունենալով նաեւ լարված հարաբերություններ նրա հետ։
Միեւնույն ժամանակ քննադատությունը նախարար Ավանեսյանին եւս չի կարող շրջանցել։ Որպես քաղաքական թիմի անդամ՝ նա ոչ միայն պետք է ՔՊ նիստերին մասնակցեր, այլեւ պարտավոր էր ապահովագրության ծրագիրը հասցնել ավարտի եւ թույլ չտալ դրա շարունակական հետաձգումը։ Իրականում նախարարն անգործությամբ նպաստել է, որ ամենակարեւոր խոստումը շարունակի մնալ չիրագործված։