Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախատեսում է այցելել Եգիպտոս, որտեղ կհանդիպի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Եգիպտոս կայանալիք այցի ընթացքում կկայանա հանդիպում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ՝ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև նոր փոխգործակցության վերաբերյալ բանակցությունների արդյունքները ամփոփելու համար», – IRNA գործակալությանը ասել է Բաղային։
Արաղչիի և Գրոսիի հանդիպումը կկայանա իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցության մակարդակը նվազեցնելու Իրանի իշխանությունների որոշումից հետո փոխգործակցության նոր շրջանակ մշակելու ֆոնին։
Ինչպես նշել է Բաղային, Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև նոր տեսակի համագործակցության մասին փաստաթղթի նախագիծը հաշվի է առնում միջուկային օբյեկտներին հարվածներից հետո երկրում ստեղծված իրավիճակը, Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի տեսակետը։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Փաստաթղթի հրապարակումից հետո գործակալության տեսուչները վտարվել են երկրից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն: Իրանը համագործակցության վերականգնման պայման է համարում երկրի միջուկային օբյեկտների և ատոմային ոլորտի գիտնականների անվտանգության ապահովումը: