Իրանը և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) համագործակցության վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է տելեգրամյան ալիքում։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին համաձայնագիրը ստորագրել են Կահիրեում:
Ինչպես նշել է Արաղչին, իրականացված այդ կարևոր քայլը վկայում է ԻԻՀ միջուկային ծրագրի հետ կապված ցանկացած հարց բացառապես խաղաղ ճանապարհով դիվանագիտության և երկխոսության միջոցով լուծելու՝ երկրի պատրաստակամության մասին:
Նրա խոսքով՝ համաձայնեցված գործնական քայլերը լիովին հաշվի են առնում Իրանի օրենսդրությունը, ինչպես նաև երկրի մտահոգությունները՝ հիմք ապահովելով համագործակցության շարունակման համար:
Արաղչիի խոսքով, համաձայնագիրը սահմանում է համագործակցության գործնական մեխանիզմ, որն արտացոլում է ինչպես Իրանի անվտանգության պայմանները, այնպես էլ գործակալության տեխնիկական պահանջները:
Իր հերթին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին X սոցցանցում հայտնել է, որ գործակալությունն ու Թեհրանը համաձայնեցրել են Իրանում ստուգումների վերսկսման պայմանները:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր էր ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի կիրառման մասին: Հրամանագրի հրապարակումից հետո գործակալության տեսուչները վտարվել էին երկրից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել էր, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու երկրի որոշմանը՝ համագործակցության ուղիները փակ չեն: Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման էր նշվել երկրի միջուկային օբյեկտների և ատոմային գիտնականների անվտանգության ապահովումը: