Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին Al Jazeera-ի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն «շատ հստակ ազդանշան է ուղարկել խաղաղության ջանքերին մասնակցող բոլոր երկրներին, թե միջնորդները կդառնան քավության նոխազ, չեն զգա իրենց անվտանգ և չեն արժանանա իրենց աշխատանքի սրբության նկատմամբ հարգանքի»։
Ալ-Անսարին Իսրայելի հարձակումները որակել է ոչ միայն որպես Կատարի ինքնիշխանության խախտում, այլև որպես հարձակում միջազգային նորմերի և մարդասիրական իրավունքի վրա, որոնք հանդիսանում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված կարգի հիմքը։
«Բայց ակնհայտ է, որ սա չի խանգարի Կատարին մնալ խաղաղություն ձգտող երկիր»,- նշել է նա։
«Նորին Գերազանցություն Կատարի էմիրը հստակ հայտնել է, որ այս հարձակումն անպատասխան չի մնա, և մենք կձեռնարկենք բոլոր օրինական և դիվանագիտական միջոցները՝ ի պատասխան»,- ընդգծել է Ալ-Անսարին՝ հավելելով, որ Նեթանյահուն «բացարձակ հարգանք չի ցուցաբերել ո՛չ իր գործընկերների և դաշնակիցների, ո՛չ էլ նույնիսկ ընկերների և հակառակորդների նկատմամբ»։
«Մենք ցանկանում ենք հստակ հայտարարել, որ ԱՄՆ-ի հետ մեր գործընկերության շրջանակում լրջորեն ենք վերաբերվում այն հանգամանքին, որ Իսրայելը կարող է իրականացնել նման հարձակումներ, և մենք համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ՝ երաշխավորելու, որ նման ներխուժումներ այլևս երբեք չկրկնվեն»,- հավելել է նա։