Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չինաստանը դադարեցրել է անօդաչու սարքերի վաճառքը Կիևին և մյուս եվրոպական երկրներին, սակայն շարունակում է դրանք մատակարարել Ռուսաստանին։ «Ռուսաստանի տարածքում կան արտադրական գծեր, որտեղ կան չինացի ներկայացուցիչներ»,- հավելել է նա՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Եվրամիությունն էլ իր հերթին է հայտարարել, որ Չինաստանը կրճատել է արևմտյան գնորդներին անօդաչուների որոշ բաղադրիչների մատակարարումները, միաժամանակ ավելացրել դրանց արտահանումը դեպի Ռուսաստան, նշել Է գործակալության զրուցակիցը:
Պեկինը պարբերաբար հերքում է պատերազմող կողմերից որևէ մեկին զենքի մատակարարումը և պնդում է, որ վերահսկում է ռազմական նպատակներով օգտագործվող կրկնակի նշանակության ապրանքների արտահանումը։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և այլ պետությունների ստեղծած պատժամիջոցների մոնիթորինգի բազմակողմ խմբի (MSMT) զեկույցում, որը հրապարակվել է մայիսի 29-ին, նշված է, որ անցյալ տարվա վերջից Ռուսաստանը Հյուսիսային Կորեային հեռահար սպառազինություն է մատակարարում:
Մասնավորապես, խումբը պարզել է, որ Մոսկվան Փհենյանին է հանձնել առնվազն մեկ «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգ, ինչը հակասում է ԿԺԴՀ-ի դեմ սահմանված ՄԱԿ-ի պատժամիջոցներին, որոնք ներառում են Փհենյանին զենքի մատակարարման արգելքը։