Ռուսաստանում ավելորդ քաշը հարվածում է տնտեսությանը
Հունիսի 02, 2025

Ռուսաստանում ավելորդ քաշը հարվածում է տնտեսությանը

Ռուսաստանում ավելի քան 60 տոկոս քաղաքացիներ ունեն ավելորդ քաշ, ինչը բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Իրինա Ֆիլատովան ՆՍՆ-ի մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ ավելորդ քաշը կապված է շաքարային դիաբետի դեպքերի աճի հետ, որոնց թիվը վերջին 15 տարում գրեթե կրկնապատկվել է։

Ֆիլատովան նշել է, որ ավելորդ քաշը վատացնում է կյանքի որակը, կրճատում է կյանքի տևողությունը, նվազեցնում վերարտադրողական ունակությունները և բացասաբար է ազդում ժողովրդագրական իրավիճակի վրա։ Նրա գնահատմամբ՝ շաքարային դիաբետի և հարակից հիվանդություններով մահվան դեպքերի մոտ 52 տոկոսը պայմանավորված է հենց այս հիվանդություններով, ինչը լուրջ վնաս է հասցնում երկրի տնտեսությանը։

Ռուսաստանը մտնում է այն ութ երկրների ցանկի մեջ, որտեղ ապրում է ավելորդ քաշով մարդկանց ավելի քան կեսը։ Այդ ցանկում են նաև Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Բրազիլիան, Մեքսիկան, Ինդոնեզիան և Եգիպտոսը։ 2021 թվականի տվյալներով՝ Ռուսաստանում ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեն կանանց 67 տոկոսը և տղամարդկանց 62 տոկոսը։ Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը այդ ցուցանիշը կհասնի 73 տոկոսի։

Մասնագետները զգուշացրել են, որ արդեն 2035 թվականին ավելորդ քաշի հետ կապված խնդիրները կարող են կրճատել համաշխարհային ՀՆԱ-ն 2,9 տոկոսով, ինչը համարժեք է 4 տրիլիոն դոլարի։ 2019 թվականին Ռուսաստանում ավելորդ քաշի հետ կապված ծախսերը կազմել են 3,3 միլիարդ դոլար։

Rate this item
(0 votes)

Լրահոս