Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Սրեդնի ավանում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են զորամասի վրա: Այս մասին հայտնում է մարզպետ Իգոր Կոբզևը Telegram ալիքում:
«Այս պահին հայտնի է, որ դա անօդաչու թռչող սարքերի հարձակում էր զորամասի վրա», - գրել է Կոբզևը:
Նա նշել է, որ ԱԹՍ-ների ճշգրիտ թիվը դեռ չի հաշվարկվել։ Դեպքի վայր են ժամանել օպերատիվ և ուժային ծառայություններ՝ ԱԴԾ-ի, ԱԻՆ-ի աշխատակիցներ, «Ռոսգվարդիայի» մարտիկներ։ Անցկացվել է օպերատիվ շտաբի նիստ: Մարզպետը նույնպես մեկնել է Ուսոլի շրջան։
Կոբզևը մանրամասնել է, որ տարածաշրջանում դրոնների արգելափակված աղբյուրը բեռնատար ավտոմեքենա է:
«Աղբյուրը, որտեղից արձակվել են դրոնները, արդեն արգելափակված է։ Դա բեռնատար է: Գլխավորը՝ պետք չէ խուճապի մատնվել։ Խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում», - գրել է Կոբզևը։
Ականատեսներից մեկը հայտարարել է, որ բեռնատարը, որից թռել են դրոնները, կանգնած է եղել Օլենեգորսկ քաղաքի մուտքի մոտ։ «Վարորդը եկել է, նա վազում է, շտապում․ բեռնատարի տակից անօդաչու թռչող սարքերը թռչում են և սլանում դեպի Վիսոկի։ Այնտեղ ճանապարհային ոստիկանները նրան հիմա կապել են։ Նա ասում է՝ ինձ ասել են գալ այս կետը, ինձ կդիմավորեն։ Նա եկել է, դրոնները մեկը մյուսի հետևից թռչում են», - պատմել է ականատեսը։
Բացի այդ, թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակում է իրականացվել Մուրմանսկի մարզի տարածքում, հայտնել է մարզպետ Անդրեյ Չիբիսը։ Հաղորդվում է Ռյազանի մարզի վրա հարձակման մասին, աշխատում է ՀՕՊ-ը։