ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Քննարկվել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամին առնչվող իրավիճակը։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ցավակցություն է հայտնել հունիսի 1-ին Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթյունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կապակցությամբ։
Ռուսական կողմը շեշտել է, որ համապատասխան մարմինները մանրակրկիտ հետաքննություն են անցկացնում, և արդյունքները կհրապարակվեն մոտ ապագայում։ Մեղավորները անպայման կբացահայտվեն և կկրեն արժանի պատիժ։
Լավրովը և Ռուբիոն նաև կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանն առնչվող տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները վերսկսելու պլանների վերաբերյալ։
ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ Ռուբիոն հեռախոսային զրույցի ընթացքում վերահաստատել է նախագահ Թրամփի կոչը՝ շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները՝ կայուն խաղաղություն հաստատելու համար։