Պաշտպանության վերջին գիծը․ խաչը ձեռքի՞ն, թե՞ խաչված Հայաստան
Հունիսի 04, 2025

Պաշտպանության վերջին գիծը․ խաչը ձեռքի՞ն, թե՞ խաչված Հայաստան

Հայաստանում վերջին տարիներին իսկապես հրեշավոր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք համակարգային և նպատակաուղղված ձևով խաթարում են պետության և ազգի գոյության ունակությունը։

Սրանք հայոց աշխարհում տեղի ունեցող դեպքերի զգացմունքային գնահատականներ չեն, սրանք փաստեր են։

Այս ապազգային գործընթացներում ամենասարսափելին այն չէ, որ ոչնչացվում են հայոց ինքնագիտակցության և պետական մտածողության հիմնասյուները, այլև այն, որ այս գործընթացը նախաձեռնողները ոչնչացնում են հայոց ինքնության բուն էությունը։

Ուշադրություն դարձրեք, որ հարվածի տակ են հայտնվել հետևյալ գաղափարախոսությունները.

1. Պատմական Արևմտյան Հայաստանի ընկալումը, որպես մեծ հայրենիքի մի մաս, որը դատարկվել է Հայոց ցեղասպանության հետևանքով։

2. Ցեղասպանության բուն փաստն իսկ շահարկվում է կոտորածների մեղավորներին արդարացնելու ուղղությամբ

3. Կեղծվում է այն հարցը, թե ինչ պայմաններում է ձևավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (շարունակական ցեղասպանություն և Արցախից հայերի արտաքսում)։

4.Հայաստանի քաղաքացիների շրջանում պետության կորստին և ոչնչացմանը դիմադրելու բնազդի արհեստական ճնշում։

5. Ագրեսորի (թուրք-ադրբեջանական տանդեմի) արդարացում և հայ ժողովրդին թուրքերի և ադրբեջանցիների հետ հարաբերություններում լարվածություն ստեղծողի կարգավիճակի պարտադրում:

6. Թուրքական և ադրբեջանական «աղբյուրների» կեղծ քարոզչական շրջանակների միջոցով հայ ժողովրդի պատմության կեղծում։

7. Հայ հանրության ներսում ատելության սերմանում ծննդավայրի հիմքով (արցախաֆոբիա և հայկական սփյուռքի տարանջատում Հայաստանից):

8. Զանգվածային հարձակում Հայ առաքելական եկեղեցու վրա՝ ՀԱԵ բարձրագույն հոգևոր դասի մշտական վարկաբեկմամբ։

Պետք է արձանագրել, որ Հայաստանում ոչ թե պարզապես հազարամյա ազգային գաղափարախոսությունն են կոտրում, այլ ՀՀ բնակչությանը նախապատրաստում են, որպեսզի գործընթացներին առավելագույն հնազանդություն ստանան, թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանի Հանրապետության կազմաքանդման ծրագրերի ֆոնին։

Առանձին պետք է նշել, որ Հայ առաքելական եկեղեցու վրա նողկալի հարձակումները «զարմանալիորեն» համընկնում են Հայաստանի նկատմամբ սողացող, զանգվածային օկուպացիա (ֆիզիկապես Հայաստանի որոշ տարածքներ արդեն օկուպացիայի տակ են) սկսելու Ադրբեջանի մտադրության հետ՝ մեր երկրի տարածքները թուրքալեզու քոչվոր ցեղերի ներկայացուցիչներով բնակեցնելու միջոցով:

Ինչպե՞ս կանգնեցնել սեփական երկրի և հայկական էթնոքաղաքական տարրի ոչնչացմանը դիմագրավելու հայերի պատրաստակամությունը քայքայող այս գործընթացը:

Հայ հասարակությունը քաղաքական լճացման մեջ է։ Պատճառը թուրքամետ տեղեկատվական ռեսուրսների կողմից բնակչության ուղեղների մշտական լվացումն է և հիասթափությունն ընդդիմադիր ինստիտուտների (կուսակցություններ, շարժումներ, միավորումներ)՝ իրավիճակն արմատապես փոխելու անկարողությունից։

Եվ տվյալ դեպքում Հայ առաքելական եկեղեցին միակ ինստիտուտն է, որը դիմադրում է թուրք-ադրբեջանական տանդեմի մտադրություններին համահունչ կոլաբորացիոնիստական գաղափարախոսության ներթափանցմանը։

Պետք է առանձին նշել, որ վերջին 1700 տարիների ընթացքում հենց Հայ առաքելական եկեղեցին է կանգնած եղել հայկական ինքնության պահպանման հիմքում, որն ըստ էության, իր ստեղծման առաջին իսկ օրերից դասական կրոնական համակարգ չի եղել: Եկեղեցին մեր դեպքում եղել է, կա և կմնա հայապահպանության ինստիտուտ։ Սկսած լեզվից ու կրթությունից, վերջացրած հայկական ինքնության պահպանման միտումների գեներացմամբ։

Բնական է, որ հայ եկեղեցին ոչ մի կերպ չի տեղավորվում Հայաստանում իրականացվող պետության ոչնչացման ծրագրի մեջ և, հետևաբար, միակ համակարգն է, որը հայ հասարակության քայքայմանը դիմակայելու ռեսուրսներ և հնարավորություն ունի:

Սա, իհարկե, խիստ անշահավետ դիրքորոշում է Հայաստանի ապամոնտաժումն իրականացնող հեղինակների համար։

Հայ եկեղեցին, ըստ էության, միշտ և բոլոր ժամանակներում եղել է հայ ժողովրդի պաշտպանության վերջին գիծը։ Եվ սա չափազանցություն չէ, պետք է ընդամենը նայել հայկական եկեղեցիներին, որոնք իրենց կառուցվածքով և ճարտարապետությամբ ավելի շատ ամրոց են հիշեցնում, քան հոգևոր կառույցներ. նեղ պատուհան-հրակնատներ, նվազագույն շքեղություն և առավելագույն տարածք պաշտպանության կազմակերպման համար, պահեստներ և ջրի աղբյուր հենց եկեղեցու ներսում:

Նույնը հոգևոր առումով. կռվող հայերի առաջին շարքերում միշտ եղել են քահանաներ և, բնականաբար, զավթիչներն առաջինը հենց հոգևորականներին էին ոչնչացնում:

Վերադառնալով մերօրյա Հայաստանի իրադարձություններին՝ հասկանում ենք, որ եկեղեցականների դեմ զանգվածային հարձակման նպատակը մեկն է՝ մարդկանց ընկալումներում կոտրել եկեղեցին որպես ինստիտուտ և դրանով իսկ նրանց գիտակցության մեջ քանդել պաշտպանության վերջին գիծը, մարդկանց վերածել պարզապես կամազուրկ, քարոզչությունից հիմարացած կենսազանգվածի՝ դիմադրության զրոյական կամքով։

Այս է փաստացի Հայաստանում տեղի ունեցող գործընթացների լեյտմոտիվը։

Հենց այստեղ էլ ծագում է վերջին հարցը. ինչպիսի՞ն կլինենք մենք։ Խաչը ձեռքներիս (անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տեսքով), թե՞, պատկերավոր ասած, խաչված՝ «իրական Հայաստանի» անվան տակ։

Մենք ենք որոշողը․․․

Արման Աբովյան

Rate this item
(0 votes)

Լրահոս