Արևի վրա գրանցվել է պսակային զանգվածի` այս տարվա ամենամեծ արտանետումը, որն ուղղվել է դեպի Երկիր։ Այս իրադարձությունը, մեծ հավանականությամբ, հզոր մագնիսական փոթորիկներ կառաջացնի։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը:
Նրա խոսքով՝ արտանետումը գրանցվել է անցած գիշեր, տիեզերական հսկողության մի շարք միջոցների օգնությամբ։ Այն M8.2 դասի արևային բռնկման հետևանք է, որը տեղի է ունեցել ժամը 03:05-ին (Մոսկվայի ժամանակով) թիվ 4100 ակտիվ շրջանում։ Այս շրջանը գտնվում է արևի տեսանելի սկավառակի կենտրոնական մասում` Արևից Երկիր գրեթե ուղիղ գծի վրա, ինչը բացառում է նույնիսկ տեսական հնարավորությունը, որ արտանետված նյութը մոլորակի կողքով կանցնի:
Բոգաչովը հստակեցրել է, որ արտանետումը հզորությամբ զիջում է նախորդ տարվա մայիսի իրադարձություններին, երբ գեոմագնիսական փոթորիկները հասնում էին առավելագույն՝ G5 մակարդակի: Այնուամենայնիվ, նախնական գնահատականներով, այն կարող է 2025 թվականին փոթորիկների ամենաինտենսիվ շարքն առաջացնել՝ մինչև G4 մակարդակի գագաթնակետերով (երկրորդ ամենաուժեղն է՝ կրիտիկական մակարդակից հետո):
Բացի այդ, հաշվարկները արևային պլազմայի բացառիկ բարձր արագություն են ցույց տալիս։ Սպասվում է, որ այն Երկիր կհասնի արդեն վաղը` Մոսկվայի ժամանակով ուշ երեկոյան։ Հասնելու ճշգրիտ ժամանակը և գեոմագնիսական ակտիվության վերջնական ցուցանիշները կհստակեցվեն, երբ նոր տվյալներ լինեն։