Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ չեզոքացրել է «Հզբոլլահ» շարժման հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մոհամմադ Ալի Ջամուլը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«ՑԱԽԱԼ-ի ուժերը հարված են հասցրել և Լիբանանի հարավի Շաքիֆ շրջանում ոչնչացրել են «Հզբոլլահի» հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մոհամմադ Ալի Ջամուլին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Զինվորականները նշել են, որ հակամարտության սրման սկզբից ի վեր Ջամուլը կանգնած է եղել իսրայելական թիկունքի և ՑԱԽԱԼ-ի ուժերի ուղղությամբ բազմաթիվ գնդակոծությունների հետևում, իսկ որոշ ժամանակ առաջ փորձեր է ձեռնարկել վերականգնել «Հզբոլլահի» ենթակառուցվածքը Լիբանանի հարավում, ինչը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում է:
Փետրվարին ՑԱԽԱԼ-ը ավարտել է զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից՝ համաձայն զինադադարի համաձայնագրի, որը ձեռք էր բերվել 2024 թվականի նոյեմբերին՝ մեկ տարի տևած զինված հակամարտությունից հետո, միաժամանակ իսրայելական բանակը մնացել է հարավային Լիբանանի հինգ ռազմավարական դիրքերում՝ դա բացատրելով անվտանգության վերահսկողության հարցերով։
Լիբանանի ղեկավարությունն իր հերթին պետք է ապահովեր «Հզբոլլահի» ուժերի լիակատար դուրսբերումը Լիտանի գետից հյուսիս։ Գետը որոշ հատվածներում 20-30 կմ է հեռու Լիբանան-Իսրայել սահմանից։ Բեյրութում չեն կարողացել պաշտոնապես հաստատել, որ համաձայնագրի այդ պայմանն ամբողջությամբ կատարվել է: Վերջին շաբաթներին Իսրայելը թիրախային գործողություններ է իրականացնում Հարավային Լիբանանում «Հզբոլլահի» մնացած ներուժի վերացման նպատակով: