Մայիսի 25-ին՝ ժամը 23.44-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վեդի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է: Րոպեներ անց ստացվել է նմանատիպ նոր հաղորդում` հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու վիճակը միջին ծանրության էր: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 25-ին՝ ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի Շիրազի փողոցի սկզբնամասում` կայարանամերձ տարածքում, վիճաբանություն է տեղի ունեցել 15-17 տարեկան երեք պատանու և երեք այլ անձանց միջև, վեճին միջամտել են երեք հոգի, այդ թվում` պատանիներից մեկի 44-ամյա հայրը: Այդ ընթացքում էլ միջամտողներից մեկը` Վեդու բնակիչ 43-ամյա տղամարդը, մոտը եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է 44-ամյա համաքաղաքացուն՝ Ալիկ Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված, 18-ը դեռ չբոլորած պատանուն:
Ստացած վնասվածքների հետևանքով՝ 44-ամյա Ալիկ Հակոբյանը բուժհաստատությունում մահացել է։
Ժամը 2.30-ին 43-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել Վեդիի քննչական բաժին։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։