Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը ինչպես նախորդ «Ճշմարիտ խոստում» գործողությունների ժամանակ լիովին պատրաստ է հարվածել Իսրայելին, եթե վերջինս որևէ անխոհեմ գործողության դիմի, հաղորդում է Mehr գործակալությունը։
Մուսավին ընդգծել է, որ երկիրը լիովին պատրաստ է վճռական հարված հասցնելու, եթե Իսրայելը ևս մեկ սխալ թույլ տա։
Նման կերպ է արձագանքել Իրանի բանակի հրամանատարն իսրայելցի պաշտոնյաների հռետորաբանությանը՝ երկուշաբթի անցկացված ճեպազրույցի ժամանակ։
«Սիոնիստական ռեժիմը չափազանց թույլ է Իրանի մեծությանը վնասելու համար։ Միևնույն ժամանակ, Իսլամական Հանրապետության իշխանությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Իսրայելի և նրա կողմնակիցների համար։ Հենց նրանց պաշտոնյաներն անգամ գիտակցում են, որ չեն կարող դիմակայել նման մարտահրավերներին։ Բայց քանի որ ներկայիս կառավարիչները հիմար մանկասպաններ են, ցանկացած վրիպում հնարավոր է։ Եթե նրանք շտապում են ստանալ հերթական «Ճշմարիտ խոստում», մենք լիովին պատրաստ ենք համապատասխան հարված հասցնել», -հավելել է իրանցի գեներալը։