Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում տեղեկացրել է, որ բոլոր տեսակի նպաստները և կենսաթոշակներն ամբողջությամբ կդառնան անկանխիկ: Արսեն Թորոսյանը միաժամանակ հայտնել է, որ միայն վերջին ամսում 10 հազարով նվազել է կանխիկով ստացողների թիվը: «Այս պահին ունենք 661 հազար քաղաքացի, որ որևէ տեսակի նպաստ կամ կենսաթոշակ է ստանում, նրանցից կանխիկ ստանում է ընդամենը 60 հազարը, 600 հազարը ստանում է անկանխիկ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս կարգավորումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, որպեսզի 60 հազար քաղաքացիների համար, որոնց մի մասն աջակցության կարիք են ունենալու կանխիկից անկանխիկ անցման գործընթացում, դա լինի հնարավորինս սահուն:
Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ-ում մշտապես չբնակվելու և նպաստներից օգտվելու դեպքերին, և դա համարել անտրամաբանական:
ԱՍՀ նախարարը պարզաբանել է՝ միայն 2024 թվականին 1450 նման միանվագ ծննդյան նպաստ են տվել այն երեխաների համար, որոնք ՀՀ քաղաքացու երեխա են, ծնվել են այլ երկրում, ունեն այլ երկրի ծննդական, բայց մեր քաղաքացիական կացության ակտերում գրանցված չեն. «Հիմա այդ հարցը նույնպես կարգավորում ենք հետևյալ տրամաբանությամբ, ծննդից հետո՝ 1 տարվա ընթացքում, եթե կգան, կգրանցվեն, այսինքն՝ կստանձնեն ՀՀ քաղաքացիություն, կստանան գումարը, եթե չեն ստանձնի, չեն ստանա: Նույնը վերաբերում է 50 հազարներին: Եթե 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում կգա, կգրանցի, նպաստը կստանան գրանցման պահից, եթե դա լինի նույնիսկ 2 կամ 3 տարեկանում, այսինքն՝ գրանցման պահից մինչև 6 տարեկանը կստանա, մինչև այդ չի ստանա»:
Վարչապետի արտահայտած այն մտահոգությանը, որ տարիներ շարունակ այդ գումարը երկրից դուրս է գնացել, Արսեն Թորոսյանը պարզաբանել է՝ միայն այս միանվագով՝ տարեկան 600 մլն:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդիրը պետք է հստակ արձանագրել. «Չի կարելի նման բան անել: Եթե մարդն իրեն չի կապում Հայաստանի հետ, եթե իր կյանքի կենտրոնը Հայաստանը չէ, ինչո՞ւ պետք է Հայաստանը վճարի»:
Թեմայի առնչությամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն էլ նշել է. «Իրականում ինչ թեմա էլ որ քննարկենք, շատ կարևոր է պետության դիրքերից հասկանալ, թե մենք քաղաքացիության ինստիտուտին ոնց ենք վերաբերում Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս պահի դրությամբ մենք հիմնովին վերանայում ենք ոլորտը: Մինչև տարեվերջ պատրաստ կլինի միգրացիոն ոլորտի կառավարման ռազմավարական կոնցեպտն ու այնտեղ մի առանձին բաժին նվիրված է հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանը, որովհետև տարիներ շարունակ ձևախեղել ենք տարբեր մոտեցումներ: Մի դեպքում, մարդակենտրոնության հետևից գնալով, քաղաքացիության ինստիտուտն ենք ստորադասել, մյուս դեպքում՝ ավելի շատ ինստիտուտին ենք դեր ու նշանակություն տվել, քան մարդու որոշակի կարիքներին։ Մինչև տարեվերջ մենք պատրաստ կլինենք ավելի մեծ կազմով քննարկման, որպեսզի ներկայացնենք մոտեցումները, որովհետև ինչ մոտեցում որ որդեգրեցինք, մնացյալ բոլոր ոլորտներում մեր մոտեցումները կկարողանանք ավելի ճիշտ ու սինխրոն կազմակերպել»։