Վանք գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից՝ 56, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 48 կմ հեռավորության վրա: Գյուղը լեռնային է, ունի 12478,25 հա տարածք, որից 9972,61 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 2110,12 հա՝ անտառային հողեր: Գյուղի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը: Վանք գյուղը շրջապատված է անտառներով և սարերով, որոնցից նշանավոր են Հկեղանը, Ղեղամարգը, Մուխութիգը, Ալաղայան, Թրխանա ղալան, Կարմիր քարը։ Համայնքի կազմում ընդգրկված են նաև Անձավներ, Դաշտագ լուխ, Ծաղկունք, Ճրագ և Նարեշտար գյուղերը:
Վանք գյուղը աղբյուրագիտական տվյալների համաձայն հիշատակվում է նաև Վանքեն շեն և Գանձասար անուններով, իսկ ներկայիս անունը ստացել է գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա գտնվող Գանձասարի վանքի անունից։
Վանքում հաշվառված են ավելի քան 200 հուշարձան` 12-13-րդ դարեի «Հավապտուկ» վանքը, միջնադարյան «Եղեգյան նահատակ» սրբավայրը, 12-րդ դարի «Եղցուն խութ» եկեղեցին, 13-րդ դարի գյուղատեղին, 12-13-րդ դարերի գերեզմանոցը, Գանձասարի վանքը։
Գանձասար վանքի անունը առաջացել է այն լեռնաբազկի անունից, որի վրա գտնվում է վանքը։ Իսկ լեռնաբազուկն այդպես է կոչվել, որովհետև նրա շերտերում կան արծաթի երակներ, որոնք հնում արդյունահանվել են։ Ըստ արձանագրական և մատենագրական տեղեկությունների՝ գլխավոր կառույցի շինարարությունը սկսվել է Հասան Ջալալի օրոք՝ 1216 թ․-ին, ավարտվել 1238 թ․-ին և օծվել 1240 թ․-ին։ Այս վանքն ամբողջությամբ կառուցված է եղել սրբատաշ քարերով, եղել է հին հուշարձանի տեղում։ Կառույցի բակում և շրջակայքում առկա են հնագույն խաչքարեր՝ թվագրված 1171, 1181 և 1202 թվականներով, որոնք իրական ապացույցներ են ներկա կառույցներից առաջ այնտեղ գոյություն ունեցող հոգևոր կյանքի և հուշարձանների մասին։
Վանք գյուղում հայտնի են Խոխանաբերդը, 12-րդ դարի Թարխանաբերդը, 13-րդ դարի Դարբասների պալատ-ամրոցը, Պառավաձորի զույգ եկեղեցիները, Նատարին բերդը, Համամի եղցին, Մուղդուսին մատուռը, Կոտրած եղցին, Ռուզանի բերդը, Թախտեն կամուրջը, Սղնախ կայազորը, 5-13-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր։
Դարբասներ պալատ-ամրոցը գտնվում է գյուղից հարավ՝ Խաչեն գետի աջ ափին՝ այն լեռան լանջին, որի գագաթին կանգնած է Խաչենի հին բերդերից Խոխոնաբերդը։ Դարբասներ պալատ-ամրոցը եղել է Հասան-Ջալալ իշխանի նստավայրը։ Այժմ այն ամբողջովին ավերակ է, բայց դեռևս Բարխուդարյանցի ժամանակ՝ 19-րդ դարավերջին, նկատելի են եղել պարսպի մեջ ամփոփված բազմաթիվ սենյակների հիմնապատեր, մեծ դահլիճ և մի սենյակ՝ կանգուն վիճակում։ Պարսպից դուրս եղել են երկու եկեղեցիների և մի գավթի ավերկաներ։
Հավապտուկ վանքը կոչվում է նաև Հովացպտուկ։ Գտնվում է Գանձասարից 5 կմ դեպի հարավ՝ մի բարձր լեռան գագաթին։ Վանքի համալիրը հիմնականում բաղկացած է ոչ մեծ եկեղեցուց, գավթից և մեկ ուրիշ փոքր եկեղեցուց։ Եկեղեցու տարածքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր, որոնք մեծաքանակ տեղեկատվություն են տալիս Հասան Ջալալյանների իշխանական տոհմի մասին։
Համայնքի տարածքում առկա են թվով 9 աղբյուրներ` «Հոռ», «Գելջուկի», «Քրդաղբյուր», «Ռուզանանց», «Նովեր», «Ղզնող», «Դրբսների», «Ավանց» և «Գաղ»:
Ըստ 2019 թվականի տվյալների՝ գյուղում ապրել է ավելի քան 1500 մարդ, ովքեր հիմնականում զբաղվել են գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ:
Մինչ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը և տարածքի ամբողջական հայաթափումը գյուղում գործել են գյուղապետարան, բուժկետ, դպրոց, մշակույթի տուն։
ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն