«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահները շարունակում են աչք փակել իշխանականների հարազատների կամ ՔՊ-ի անդամների աղմկահարույց միջադեպերի վարույթների վրա, որոնք հետագայում անդառնալի հետեւանքներ են ունենում, ինչպես եղավ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դեպքում։
Բանն այն է, որ եթե իրավապահները 7 ամիս առաջ Մերձավան վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանին ու նրա թիմին պատժեին, այսօր վենդետա չէր լինի։
Եվ ահա աչք փակելու հերթական թեման։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործը կրկին կարճվեց։ ՀՀ քննչական կոմիտեն, պաշտոնապես անդրադառնալով ԱԺ պատգամավորի որդու՝ օգոստոսի 4-ի միջադեպի գործին, հայտնեց, որ քրեական վարույթը կարճվել է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երեւանում տեղի ունեցած միջադեպի կիզակետում էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը։ Միջադեպը վերաբերում էր ավտոմեքենայի կայանման հարցին:
Դեռեւս դեպքի օրը Կոմիտեն հայտնել էր, որ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձ ձերբակալվել է, ապա ազատ արձակվել։
Շուրջ 1 ամիս գործը Քննչական կոմիտեում էր։
Սա առաջին դեպքը չէ. դեռ 2022-ին Շանթ Բագրատյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործը եւս կարճվել էր՝ իրավապահների կողմից «կազմակերպված ծածկադմփոցի» արդյունքում»։