Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի զեկույցը հանձնաժողովից գաղտնի է պահում. բացահայտում. «Ժողովուրդ
Հոկտեմբերի 03, 2025

Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի զեկույցը հանձնաժողովից գաղտնի է պահում. բացահայտում. «Ժողովուրդ

By Հոկտեմբերի 03, 2025 4

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց երեկ մեր կողմից հրապարակված տեղեկությունը այն մասին, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի 210 էջանոց զեկույցը հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի տեսել, դրան չի ծանոթացել:

Իհարկե, Անդրանիկ Քոչարյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե 2023 թվականին բոլորին ուղարկվել է զեկույցը, սակայն հանձնաժողովի 11 անդամների մեծ մասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստում են, որ զեկույցը չեն տեսել: Միայն 4 ստորագրություններ կան փաստաթղթի տակ, որոնք նշանակում են՝ հանձնաժողովի անդամը հավաստում է, որ ծանոթացել է զեկույցին, համաձայն է բովանդակությանը։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրավոր հարցեր ուղարկեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին:

«Ժողովուրդ». (1) «Արդյոք Դուք ստացե՞լ եք զեկույցը, կարդացե՞լ եք այն»։

Քրիստինե Պողոսյան. «Ես պարբերաբար խնդրել եմ տրամադրել ինձ զեկույցը դրա բովանդակությանը ծանոթանալու համար, ստացել եմ պատասխան, որ «զեկույցը պատրաստման փուլում է, պատրաստ լինելուն պես՝ կծանոթանաք»։ Գարնանը հերթական հարցմանը գրավոր պատասխան ստացա, որ կհրապարակվի, սեպտեմբերին կծանոթանամ, եւ փաստացի չկարողացանք այդպես էլ ծանոթանալ։ Սեպտեմբերին ինձ փոխանցեցին, որ ստորագրեմ, հետո կծանոթանամ։ Ճիշտ է, ես իրավաբան չեմ, սակայն տարրական գիտելիքները իրավագիտության մասին ասում են՝ «չստորագրել դատարկ թղթի տակ, չստորագրել թղթի տակ, որի բովանդակությանը ծանոթ չեք»։ Ես հրաժարվեցի ստորագրել զեկույցը»։

«Ժողովուրդ». (2) Ի՞նչ կարծիք ունեք զեկույցի մասին։

Քրիստինե Պողոսյան. «Կարծիք չեմ կարող հայտնել՝ վերը գրածիս բովանդակության տրամաբանությամբ»։

«Ժողովուրդ». (3) Եթե չեք ստացել զեկույցը, նշանակում է՝ խախտվել է ԱԺ կանոնակարգ օրենքի Հոդված 25-ը։ Ի՞նչ եք պատրաստվում անել խախտումը վերականգնելու ուղղությամբ։

Քրիստինե Պողոսյան. «Ես չգիտեմ՝ ինչ կերպ կարող է պարոն Քոչարյանը վերականգնել իմ խախտված իրավունքը»։

Նույն հարցերին ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է.

1. ինձ ոչ մեկը զեկույց չի ուղարկել, ուսումնասիրելու չի հրավիրել:
2. Հետեւաբար կարծիք հայտնել չեմ կարող:
3. Այդ հարցը ավելի ճիշտ կլինի ուղղել այլ հասցեատիրոջ:

Այսպիսով՝ պարզվում է, որ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հանձնաժողովի անդամներին զրկել է հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքից, այլեւ զեկույցը թաքցրել է հենց այն մարդկանցից, որոնք պետք է լինեին դրա կազմման աշխատանքների մասնակիցը։ Սա ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում է, որը պետք է ունենա իրավական հետեւանքներ: Ինչպես երեկ ԱԺ-ի միջանցքում ՔՊ-ականները խոսում էին՝ «ծերունի աղվեսը» երկու ոտքով է թակարդն ընկել: Նրա զեկույցը չի քննարկվելու ԱԺ լիագումար նիստերից որեւէ մեկում, քանի որ դրա ժամկետները 2023-ից հետո բաց են թողնվել»։

Rate this item
(0 votes)

Լրահոս