Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության միակ լուծումը պետք է ներառի պաղեստինյան պետության ստեղծումը․ գրում է Reuters գործակալությունը։
Հայտարարությունը Հռոմի պապն արել է Բեյրութ ուղևորվելիս․ Լիբանանը նրա առաջին արտասահմանյան ուղևորության երկրորդ կանգառն է՝ Թուրքիայից հետո։ Բեյրութ մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում կաթոլիկ աշխարհի առաջնորդը վերահաստատել է Վատիկանի դիրքորոշումը՝ շեշտելով Իսրայելի և Պաղեստինի համար «երկու պետություն» լուծման անհրաժեշտությունը։
«Մենք բոլորս գիտենք, որ այս պահին Իսրայելը դեռևս չի ընդունում լուծման այդ տարբերակը, բայց մենք այն համարում ենք միակը։ Մենք նաև ընկերներ ենք Իսրայելի հետ և ձգտում ենք միջնորդական ձայն լինել երկու կողմերի միջև, ինչը կարող է օգնել նրանց գտնել բոլորի համար արդար լուծում»,- ասել է Լևոն XIV-ը։
Անդրադառնալով տարածաշրջանում տնտեսական անորոշությանը, քաղաքական բաժանումներին և լարվածությանը՝ ներառյալ Իսրայելի հետ պատերազմը, Հռոմի պապը կոչ է արել Լիբանանի առաջնորդներին մի կողմ դնել տարաձայնությունները՝ հանուն խաղաղության՝ հիշեցնելով, որ այն չպետք է լինի պարզապես ձգտում, այլ անհրաժեշտություն։
Լիբանանն ունի Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական համայնքը։ Հռոմի պապ Լևոն XIV-ը կատարում է իր նախորդի՝ Ֆրանցիսկոս պապի խոստումը․ Ֆրանցիսկոս պապը տարիներ շարունակ ցանկանում էր այցելել Լիբանան, սակայն չէր կարողանում օր օրի վատթարացող առողջության պատճառով։
Հիշեցնենք, որ Հռոմի պապի ուղևորության առաջին կանգառը Թուրքիան էր, որտեղ նա այցելել է Անկարա, Իզնիկ և Ստամբուլ։