Հարյուրավոր փոքր ռուսական քաղաքներ կանհետանան՝ երիտասարդների արտահոսքի պատճառով․ Կանխատեսում
Դեկտեմբերի 01, 2025

Հարյուրավոր փոքր ռուսական քաղաքներ կանհետանան՝ երիտասարդների արտահոսքի պատճառով․ Կանխատեսում

By Դեկտեմբերի 01, 2025 0

Ռուսաստանում հարյուրավոր փոքր քաղաքներ կարող են մոտ ապագայում անհետանալ՝ բնակչության զանգվածային արտահոսքի պատճառով։ Այս եզրակացությունը պարունակվում է Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի զեկույցում, որին ծանոթացել է TASS-ը։ Ինչպես նշում են հետազոտողները, երիտասարդները լքում են փոքր քաղաքները՝ ավելի լավ կարիերայի և կրթական հեռանկարներ գտնելու նպատակով, իսկ ավագ սերունդը աստիճանաբար նվազում է։ Միաժամանակ, նոր բնակիչներ գրեթե չեն գալիս փոքր քաղաքներ։ Սա հանգեցնում է տնային տնտեսությունների թվի կրճատման և բնակչության ընդհանուր նվազման։

Զեկույցում ասվում է, որ արտահոսքի պատճառը ոչ միայն աշխատավարձն է, այլև սահմանափակ ենթակառուցվածքները և կյանքի ու զարգացման գրավիչ հեռանկարների բացակայությունը։ Այսպես, հարցումների համաձայն՝ փոքր քաղաքներում 18-24 տարեկան մարդկանց միայն 33%-ն է լավատեսորեն նայում ապագային, մինչդեռ «միլիոնանոց քաղաքներում» այդ ցուցանիշը հասնում է 53%-ի։ Միաժամանակ, հետազոտողները նշել են, որ 1950-ից մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում քաղաքներից դուրս բնակչությունը կնվազի 36%-ով, իսկ կես միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքներում բնակչությունը կաճի 25%-ով։

Ռուսաստանում կա ընդամենը 1120 քաղաք։ Դրանցից ավելի քան 70%-ը փոքր քաղաքներ են, այսինքն՝ բնակչությունը 50 հազարից պակաս է։ Այսօրվա դրությամբ այդպիսի բնակավայրերում բնակվում է 3.4 միլիոն մարդ։ Վերջին տասը տարում նրանց թիվը կրճատվել է 314.5 հազարով, ինչպես հաշվարկել էին ՌԴ Նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի վերլուծաբանները։ Հետազոտողների գնահատմամբ՝ Ռուսաստանում մոտ ապագայում կարող է անհետանալ 129 փոքր քաղաք։ Ռիսկի գոտում են գտնվում հյուսիսային ածխային, մետալուրգիական և անտառարդյունաբերական բնակավայրերը, ինչպիսիք են՝ Պորխովը (Պսկովի մարզ), Զավոլժիեն (Նիժնի Նովգորոդի մարզ), Նոլինսկը (Կիրովի մարզ), ինչպես նաև Բրյանսկի, Նովգորոդի մարզերի և Կրասնոդարի երկրամասի շատ քաղաքներ։

Ավելի վաղ «Գազպրոմ ինվեստի» գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կոզլովը ռուսական իշխանություններին առաջարկել էր «դադարել փրկել» մահացող բնակավայրերը և կենտրոնանալ խոշոր քաղաքների զարգացման վրա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը «պարզապես չունի մարդկային ռեսուրսներ» փոքր բնակավայրերը զարգացնելու համար։ Ռուսաստանում խոշորագույն քաղաքների շուրջ 20 ագլոմերացիա ստեղծելու և բնակչությանը դրանցում կենտրոնացնելու անհրաժեշտության մասին դեռ 2017 թվականին խոսել է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Ռազմավարական մշակումների կենտրոնը։

Ավելի ուշ Տնտեսական զարգացման նախարարությունը ընտրել է 20 քաղաք, որոնք պետք է դառնան տնտեսական աճի կետեր։ Կառավարությունն դրանք ներառել է մինչև 2025 թվականը իրականացվող տարածական զարգացման ռազմավարության մեջ։ Կառավարության մտահղացման համաձայն՝ ագլոմերացիաները պետք է ոչ թե ոչնչացնեն, այլ աջակցեն փոքր քաղաքների զարգացմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս