Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, ով Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում նրա գլխավոր խորհրդականն էր, ուկրաինական պատերազմի դադարեցման հարցով բանակցությունների նպատակով դեկտեմբերի 1-ին կմեկնեն Մոսկվա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Թրամփը հաստատել էր, որ Ուիթքոֆը շաբաթվա ընթացքում կայցելի Ռուսաստան։ Նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ:
Քննարկումը կենտրոնացած էր հակամարտության դադարեցման ուղիների, տնտեսական և անվտանգության հարցերի երկարաժամկետ լուծումների, Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հեռանկարների և տարածքային հարցերի վրա
Քննարկումների ընթացքում բարձրացվել էր նաև Կիևի անվտանգության երաշխիքների հարցը։Ֆլորիդայում կայացած հանդիպմանը ԱՄՆ կողմից մասնակցել էին Վիտկոֆը, Քուշները, ինչպես նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ուկրաինայի պատվիրակության կազմում, ի թիվս այլոց, ընդգրկված էին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։
Հանդիպումից հետո Ռուբիոն հայտարարել էր, որ բանակցությունները կառուցողական են եղել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։
Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն լավատեսորեն է տրամադրված խաղաղ կարգավորման հարցում։