Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ամերիկյան սկզբնական ծրագրի ամենախնդրահարույց հարցերից մեկը այն պայմանն էր, որ Կիևը պաշտոնապես պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամակցության իր ձգտումներից, որոնք ամրագրված էին երկրի սահմանադրությամբ։
CNN-ի աղբյուրը պնդում է, որ Ֆլորիդայում կայացած կիրակնօրյա հանդիպման ժամանակ Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են հնարավոր սցենար, որի դեպքում արգելքը (ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարումը) կհամաձայնեցվի անմիջապես ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և Մոսկվայի միջև՝ առանց Կիևի մասնակցության։
«Ուկրաինային չեն պարտադրի պաշտոնապես և իրավական իմաստով հրաժարվել այդ ձգտումից»,— հայտնել է CNN-ի զրուցակիցը։
«Եթե ԱՄՆ-ն որևէ երկկողմ պայմանավորվածություն ունի Ռուսաստանի հետ, կամ եթե Ռուսաստանը ցանկանում է որոշակի երաշխիքներ ստանալ ՆԱՏՕ-ից բազմակողմանի հիմքով, ապա դա չի նշանակում Ուկրաինային ներգրավել որոշումների կայացման գործընթացում»,— հավելել է աղբյուրը։
Հեռուստաընկերության աղբյուրը ընդգծել է, որ չափազանց նուրբ փոխզիջման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել և այն, ի վերջո, պետք է համաձայնեցվի Ուկրաինայի նախագահի հետ։
Այս ամենը խոսում է այն մասին, որ ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների շարունակման և ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆի Մոսկվա կատարելիք այցից առաջ «ուսումնասիրվում են Կիևի կարմիր գծերը շրջանցելու ստեղծագործական լուծումները», մեկնաբանում է CNN-ը։
Մյուս կարմիր գիծը Կրեմլի պահանջն է, ըստ որի պետք է զիջել ամբողջ Դոնբասի տարածքը։ Աղբյուրը, որը անմիջականորեն ծանոթ է բանակցությունների ընթացքին, հեռուստաընկերությանը հայտնել է, որ այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։