Վաշինգտոնը նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով վերանայելու է «մտահոգություն ներկայացնող» 19 երկրների քաղաքացիներին տրված բոլոր «կանաչ քարտերը» («Գրին քարտ»)՝ ԱՄՆ վարչակազմի կողմից ներգաղթի դեմ պայքարի խստացման շրջանակում։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ նշելով, որ սա տեղի է ունենում Վաշինգտոնում աֆղանստանցի տղամարդու իրականացրած հրաձգության ֆոնին։
Հրաձգության հետևանքով Ազգային գվարդիայի երկու զինծառայող էր վիրավորվել, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։
«Նախագահի հրահանգով ես հրամայել եմ լայնամասշտաբ և խիստ կերպով վերանայել մտահոգություն ներկայացնող բոլոր երկրներից յուրաքանչյուր օտարերկրացու «Գրին քարտը»», – X-ում գրել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների տնօրեն Ջո Էդլոուն։
Այն հարցին, թե որ երկրներն են հանդիսանում «մտահոգություն ներկայացնող», ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը CNN-ին հայտնել է, որ դրանք այն 19 երկրներն են, որոնք թվարկված են հունիսի նախագահական հռչակագրում։19 երկրների թվում են Իրանը, Աֆղանստանը, Մյանման, Չադը, Կոնգոյի Հանրապետությունը, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Հայիթին, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Եմենը, Բուրունդին, Կուբան, Լաոսը, Սիեռա Լեոնը, Տոգոն, Թուրքմենստանը և Վենեսուելան։
ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը նոյեմբերի 27-ին ավելի ուշ տարածած հայտարարության մեջ նշել է, որ այդ 19 երկրներից ներգաղթյալներին ստուգելիս գերատեսչությունն այժմ հաշվի կառնի «բացասական, երկրին բնորոշ գործոնները», այդ թվում այն՝ արդյոք երկիրը կարող է «տրամադրել անվտանգ անձը հաստատող փաստաթղթեր»։
Իրավապահները հայտարարել են, որ Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության կասկածյալն Աֆղանստանի քաղաքացի Ռահմանուլլա Լականվալն է։ Դրանից հետո Թրամփի վարչակազմը ակտիվացրել է ներգաղթը սահմանափակելու իր ջանքերը։