2025 թ. հոկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 090 500 է եղել, որից 1,977,400–ը բնակվում են քաղաքներում, 1,113,100–ը` գյուղերում: Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական վիճակը 2025 թ. հունվար–սեպտեմբերին» զեկույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Կոմիտեի տվյալներով` հունվար–սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 23,698 մարդ` 1,244–ով պակաս 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (24,942)։
Դիտարկվող ժամանակահատվում ՀՀ–ում մահացել է 1, 064 մարդ։ Մահացության դեպքերը 2024 թվականի համեմատ այս տարի ավելացել են (2024 թ. մահացել է 18,959 մարդ)։ Մահացության դեպքերը հիմնականում գրանցվել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, նորագոյացություններից, շնչառական օրգանների հիվանդություններից։
Ի դեպ, 2025 թ. հունվար–սեպտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում մայրական մահացության դեպքեր Հայաստանում չեն գրանցվել, մինչդեռ 2024 թ. հունվար–սեպտեմբերին արձանագրվել էր մայրական մահացության 6 դեպք:
Ըստ վիճակագրական կոմիտեի` 2025 թ. 9 ամսում ՀՀ–ում ամուսնացել է 10,238 մարդ, մինչդեռ 2024 թ. նույն ժամանակահատվածում ամուսնացել է 11,696 մարդ։ Այս տարի մի փոքր ավելացել է ամուսնալուծությունների թիվը` 3,617 (2024 թվականին ամուսնալուծվել է 3,422 մարդ)։

«Հանրապետությունում 2025 թ. հունվար–սեպտեմբերին գրանցված 1,000 ամուսնությունների համեմատ գրանցվել է ամուսնալուծությունների 353 դեպք` 2024 թ. հունվար–սեպտեմբերի 293 դեպքի համեմատ»,– ասված է կոմիտեի զեկույցի մեջ:
Ինչ վերաբերում է նորածինների սեռերի հարաբերակցությանը, ապա ինչպես 2024 թ. հունվար–սեպտեմբերին, այնպես էլ 2025 թ. հունվար–սեպտեմբերին կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով:
2025 թ. 9 ամսում ՀՀ պետական սահմանի անցման կետերով մուտք է գործել 3,919,800 մարդ, որից ՀՀ փաստաթղթերով` 1,646,600–ը։ Հայաստանից սահմանային կետերով դուրս է եկել 3,908 400 մարդ, որից 1,649,400–ը` ՀՀ փաստաթղթերով։