ՆԱՏՕ-ի շուրջ 40 ներկայացուցիչներ Բաքվում վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ադրբեջանական ստորաբաժանումների համար։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Ցամաքային զորքերի շտաբների, զորամասերի և ստորաբաժանումների մարտունակության գնահատում (CREVAL)» դասընթացը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի» շրջանակում։ Պաշտպանության Ազգային համալսարանի ռազմական խաղերի կենտրոնում անցկացվող միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների զինվորականները։
Ադրբեջանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Ռազմական կրթության ընդլայնում» ծրագրի շրջանակում 2008 թվականից։ Բաքուն մասնակցում է ՆԱՏՕ-ի նախաձեռնություններին, այդ թվում՝ պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, ահաբեկչության դեմ պայքարին և գիտական նախագծերին։ Այս տարիների ընթացքում հազարավոր ադրբեջանցի զինծառայողներ վերապատրաստում են անցել դաշինքի և նրա անդամ Թուրքիայի ուսումնական կենտրոններում։