Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան
Նոյեմբերի 04, 2025

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուելում մասնակցել և ելույթ է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսին: 

ԱԽ քարտուղարի ելույթի տեքստն ամբողջությամբ ստորև՝ 

«Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև, որը հավաքվել է քննարկելու Հարավային Կովկասում խաղաղության, բարեկեցության և փոխկապակցվածության ներկայիս հնարավորությունները, որոնց իրագործման համար «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է ճանապարհ հարթել: Նախ և առաջ ցանկանում եմ արտահայտել իմ շնորհակալությունը բոլոր ներկաներին, որոնց համար Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղության, կայունության և անվտանգության վերաբերյալ երկխոսությունը կարևոր է։ 

Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պարզապես ենթակառուցվածքային նախաձեռնություն չէ՝ այն տեսլական է տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս փոխկապակցվածության, փոխկախվածության և համագործակցության համար։ 

Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը բնութագրվել է հակամարտություններով, փակ սահմաններով և կորցրած հնարավորություններով։ Այսօր իրավիճակը սկսել է փոխվել։

2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագիրը։ Այս նշանակալի իրադարձությունը դրեց խաղաղության և բարեկեցության հիմքը Հարավային Կովկասում՝ նշանավորելով վճռական առաջընթաց դեպի տարածաշրջանի ապաշրջափակում։ 

Օգոստոսի 8-ից հետո Հայաստանը և Ադրբեջանը նպատակային ջանքեր են գործադրել՝ ամրապնդելու մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և խորացնելու երկխոսությունը։ Օրինակ՝ հոկտեմբերի 21-22-ը, առաջին անգամ, ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ մասնակցելու երկկողմ կլոր-սեղան քննարկման։ Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 

Տարածաշրջանի ապաշրջափակումն է, որ հանդիսանում է մեր տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալացման ջանքերի հիմնաքարը։ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պատկերացնում է մի տարածաշրջան, որը փոխկապակցված է ճանապարհների, երկաթուղիների, էներգետիկ փոխադրումների և թվային ցանցերի միջոցով։

Կցանկանայի ընդգծել, որ «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին» (TRIPP) նաև հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչ՝ համաձայն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված «Խաղաղության խաչմերուկի կարողությունների զարգացման գործընկերության» փոխըմբռնման հուշագրի: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակը մարդկանց միավորելն է, ինչպես նաև առևտրի և նորարարության խթանումը։

Վաշինգտոնյան համաձայնագիրը բացեց նոր հնարավորությունների պատուհան՝ այդ նպատակը իրականություն դարձնելու համար։

Առևտրային ուղիների վրա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ազդեցությունն ավելի լավ պատկերացնելու համար «Ամբերդ» հայկական հետազոտական ինստիտուտը կատարել է մանրամասն ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, որ Եվրոպայի և Չինաստանի միջև նոր առևտրային ուղին՝ Հայաստանի տարածքով անցնելիս կարող է ներկայիս ուղիների համեմատ կրճատվել 5-ից 10 %-ով։

Կայունության դրական ազդեցություններն այսօր արդեն նկատելի են։ Հայաստանի տնտեսությունը, հատկապես դրա տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտները, ինչպես նաև զբոսաշրջությունը, արագորեն զարգանում են են՝ օգտվելով ավելի անվտանգ և կանխատեսելի միջավայրից։ Հայաստանը մեկնարկում է բացառիկ՝ 500 միլիոն դոլարի արհեստական բանականության ենթակառուցվածքների նախագիծ՝ NVIDIA և Firebird ընկերությունների հետ համագործակցությամբ, ինչն ավելի է ամրապնդում երկրի դիրքը որպես աշխարհի առաջատար բարձր արդյունավետության համակարգչային կենտրոններից մեկը։ 2025 թվականի մայիսից օգոստոս ամիսներին Հայաստանը գրանցեց նշանակալի զբոսաշրջային աճ։ Օրինակ՝ հունիսին Հայաստան ժամանեց ավելի քան 215.000 զբոսաշրջիկ, ինչը 19%-ով ավել էր 2024 թվականի համեմատ։ Մեր գնահատմամբ՝ այդ աճի պատճառը մարտի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունների ավարտի հայտարարությունն էր, և տարբեր երկրներում բնակվող մարդիկ արձագանքեցին այս հայտարարությանը։ Սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 10.5% աճ, ևս վկայում է օգոստոսի 8-ի հայտարարության հնարավոր ազդեցության մասին:

Սա վկայում է, որ խաղաղությունը խթանում է բիզնեսը, նորարարությունը և բարեկեցությունը։ 

Հայաստանը պատրաստ է շարունակել այս ուղին՝ պարտավորությամբ և թափանցիկությամբ։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես տրանսպորտային նախագիծ, այլ նաև որպես քաղաքական հայտարարություն՝ համաձայն որի երկխոսությունը գործում է, համագործակցությունը հնարավոր է, և որ տարածաշրջանային անվտանգությունը կարելի է կառուցել համատեղ բարեկեցության միջոցով։ Այնուամենայնիվ, այս գործընթացը պահանջում է բոլորի ներգրավվածությունը՝ մեր եվրոպական գործընկերների, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի գործընկերների, ինչպես նաև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և ավելի լայն տարածաշրջանի հարևանների մասնակցությունը։

Խաղաղության գործընթացն ինստիտուցիոնալացնելուց բացի, Հայաստանի կառավարության մյուս առաջնահերթությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումն է։ Հայաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները՝ Թուրքիայի հետ սահմանների բացման համար: «Ամբերդ» ինստիտուտի հետազոտության համաձայն՝ բաց սահմանները կարող են բերել փոխադարձ օգուտներ ինչպես մեր ժողովուրդների, այնպես էլ տնտեսությունների համար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալն ավելացնելով 200%-ով։ Օգտագործելով Թուրքիայի տարածքը՝ առևտրային ուղին Հայաստանի և Արևելյան Եվրոպա միջև կկարճատվի 10–25%-ով, իսկ Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի միջև՝ 5–15%-ով»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում պատրաստվում են ռազմական գործողությունների

Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ. Զախարովա

Վանաձորում փլnւզման հետևանքով զnհ կա

Արեգակի վրա մեկ ժամվա մեջ երկու հզոր բռնկում է գրանցվել

Փլուզում Վանաձորում. կա զnհ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան

«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար

Diplo–ն հայտարարել է, թե հարաբերությունների մեջ է եղել և Կանադայի նախկին վարչապետի և Քեթի Փերիի հետ