Ամերիկյան զենքի մատակարարումներն Ուկրաինային կշարունակվեն, դրանց համար կվճարեն ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերները: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Լավ լուրն այն է, որ նախագահ Թրամփն իմ միջոցով ՆԱՏՕ-ի եվրոպացի գործընկերների հետ համաձայնության է եկել, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի գործընկերները վճարեն ամերիկյան զենքի մատակարարման համար: Դա լավ նորություն է ամերիկյան միջին դասի, ինչպես նաև Ուկրաինայի համար, որովհետև դա նշանակում է, որ ԱՄՆ-ից Ուկրաինա մահացու զենքի հոսքը կշարունակվի», – ասել է Ռյուտեն:
Խոսելով նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին՝ Ռյուտեն նշել է, որ Ուկրաինայի համար գոյություն ունի դաշինքին անդամակցելու անշրջելի ուղի, սակայն այս պահին այդ հարցը օրակարգում դրված չէ:
«Իրավիճակն այսպիսին է. ԱՄՆ-ն և որոշ այլ երկրներ հայտարարել են, որ իրենք դեմ են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը: ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումը, որն ընդունվել է 2024 թվականի գագաթնաժողովում, այն է, որ Ուկրաինայի համար գոյություն ունի ՆԱՏՕ տանող անշրջելի ուղի, բայց մենք այստեղ չենք քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցությունը, մենք քննարկում ենք 5-րդ հոդվածի նման անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար», – ասել է Ռյուտեն՝ 5-րդ հոդված ասելով նկատի ունենալով այն, որ մեկ երկրի վրա հարձակումը նշանակում է հարձակում Դաշինքի մյուս երկրների վրա: