ԱՄՆ-ն կքննարկի Իսրայելի հետ երկարաժամկետ զինադադարը, քանի որ Լիբանանը հաստատել է «Հըզբոլլահի» զինաթափման ծրագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Լիբանանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը հայտնել է, որ իր թիմը բանակցություններ կվարի Իսրայելի հետ՝ երկարատև հրադադարի հասնելու համար: Այդ քայլը հաջորդել է Լիբանանի կառավարության կողմից «Հըզբոլլահ» շիա զինյալ խմբավորումը զինաթափելու ծրագրի հաստատմանը։
Բեյրութում Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո Բարաքը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է հետպատերազմյան շրջանում երկիրը վերականգնելուն ուղղված տնտեսական նախաձեռնություն իրականացնել։
«Ես կարծում եմ, որ Լիբանանի կառավարությունն իր դերն է խաղացել՝ կատարելով առաջին քայլը։ Հիմա Իսրայելի հերթն է պատասխանել փոխադարձ ձեռքսեղմումով»,- ասել է Բարաքը։
Իր այցի շրջանակում ամերիկացի դեսպանը նախատեսում է նաև բանակցություններ վարել Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ, ով հայտնի է նրանով, որ պարբերաբար բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ «Հըզբոլլահ»-ի անունից։