Արդեն հասել եմ Վաշինգտոն։ Կհանդիպեմ ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի հետ։ Կխոսենք նաև եվրոպական առաջնորդների հետ։ Շատ շնորհակալ եմ Ամերիկայի նախագահին հրավերի համար։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք բոլորս հավասարապես ուզում ենք արագ և վստահելի կերպով ավարտել այս պատերազմը։ Եվ խաղաղությունը պետք է լինի երկարատև։ Ոչ թե այնպես, ինչպես տարիներ առաջ, երբ Ուկրաինային ստիպեցին զիջել Ղրիմն ու մեր Արևելքի մի մասը՝ Դոնբասի մի հատվածը, իսկ Պուտինը դա պարզապես օգտագործեց որպես նոր հարձակման հենակետ։
Կամ երբ 1994-ին Ուկրաինային տվեցին իբր «անվտանգության երաշխիքներ», բայց դա չգործեց։ Իհարկե, Ղրիմը չպետք է զիջվեր այն ժամանակ, ճիշտ այնպես, ինչպես 2022-ից հետո ուկրաինացիները չզիջեցին Կիևը, Օդեսան, Խարկովը։ Ուկրաինացիները պայքարում են իրենց հողի, իրենց անկախության համար։
Այժմ մեր զինվորները հաջողություններ ունեն Դոնեցկի մարզում և Սումիում։ Վստահ եմ, որ կպաշտպանենք Ուկրաինան, արդյունավետ կերաշխավորենք անվտանգությունը, և մեր ժողովուրդը միշտ շնորհակալ կլինի նախագահ Թրամփին, ամբողջ Ամերիկային, յուրաքանչյուր գործընկերոջ, աջակցության և անգնահատելի օգնության համար։
Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը, որը հենց ինքն էլ սկսել է։ Եվ ես հուսով եմ, որ մեր ընդհանուր ուժը՝ Ամերիկայի և մեր եվրոպացի բարեկամների հետ, կստիպի Ռուսաստանին իսկական խաղաղության։ Շնորհակալություն»,-գրել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ Թրամփը խորհուրդ է տվել Զելենսկիին մոռանալ Ղրիմի և ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։