Երևանը իրանական կողմին վստահեցրել է, որ տեղյակ է Թեհրանի «կարմիր գծերի» մասին
Օգոստոսի 19, 2025

Երևանը իրանական կողմին վստահեցրել է, որ տեղյակ է Թեհրանի «կարմիր գծերի» մասին

By Օգոստոսի 19, 2025 1

Հայաստանը իրանական կողմին վստահեցրել է, որ տեղյակ է Թեհրանի «կարմիր գծերի» մասին։ Երևանում Իրանի կառավարական լրագրողների հետ հարցազրույցում այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք շատ լուրջ բանակցություններ ենք անցկացրել։ Քննարկել ենք երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը՝ առևտուր, ներդրումներ, տեխնիկական և ինժեներական նախագծերի իրականացում», - ասել է նա։

Նրա խոսքով՝ անդրադարձել են նաև տարանցիկ փոխադրումների և երթուղիների թեմաներին, իսկ Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքներն առանձին են քննարկվել։

«Երևանը անհրաժեշտ երաշխիքներ տվեց, որ տեղյակ է Իրանի «կարմիր գծերի» մասին, և վստահեցրեց, որ միշտ հաշվի կառնի դրանք։ Հայաստանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքից որևէ սպառնալիք լինի Իրանին», - ասել է Արաղչին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս