Դրա համար էին մեր թշնամիները շատ երջանիկ իշխանափոխությամբ. Արտակ Զաքարյան
Հոկտեմբերի 14, 2025

Դրա համար էին մեր թշնամիները շատ երջանիկ իշխանափոխությամբ. Արտակ Զաքարյան

By Հոկտեմբերի 14, 2025 0

Վարչապետ Նաթանյահուն և նախագահ Հերցոգն անձամբ են դիմավորել և ճանապարհել Դոնալդ Թրամփին: Իսրայելում ԱՄՆ նկատմամբ գրեթե միշտ եղել է առանձնահատուկ վերաբերմունք: Եղել են դժվար ժամանակներ, և միշտ չէ, որ ԱՄՆ գործել է Իսրայելի օգտին: Միշտ չէ, որ Իսրայելի ղեկավարները բավարարված են եղել պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումից: Սակայն պաշտոնական Երուսաղեմը միշտ ընդգծված հարգանք և հատուկ արարողակարգ է ցուցաբերել Վաշինգտոնի նկատմամբ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ 

Նրա գնահատմամբ, հրեաները հասկանում ու գնահատում են ԱՄՆ-ի դերը Իսրայելի պետության համար: Գիտակցում են, որ առանց ԱՄՆ-ի համակողմանի աջակցության՝ դժվար կլինի դիմակայել բոլոր տիպի հակամարտություններին ու մարտահրավերներին: Դժվար էր լինելու զարգանալ ու կայանալ պատմա-քաղաքական, աշխարհագրական, ինչպես նաև ռեսուրսների բացակայության բարդ պայմաններում:

«Պահելով արժանապատիվ կեցվածք՝ Իսրայելը կարողացել և կարողանում է ԱՄՆ-ի հետ կառուցել ու զարգացնել ռազմավարական, դաշնակցային ջերմ հարաբերություններ: Նույնը Հայաստան-Ռուսաստան պարագայում էր: Պատմությունը մեզ հուշում է, որ հայկական պետականության վերականգնման, Հարավային Կովկասում հայկական ինքնուրույն միավորի և առանձին գործոնի ձևավորման գործում անվիճելի էր Ռուսական կայսրության դերակատարությունը: Չենք կարող ժխտել նաև արցախյան առաջին պատերազմում ռուսական դերակատարությունը: 

Թեպետ վերջին՝ «նիկոլական» տարիներին Ռուսաստանը, կենսական հարցերում ավելի դաշնակից գնվեց Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ առ այսօր Հայաստանի տնտեսության զարգացման գործում էական է ՌԴ և ԵԱՏՄ շուկաների առանցքային նշանակությունը: Ոչ ոք չի կարող թերագնահատել նաև ՀՀ-ՌԴ էներգետիկ կապվածությունը, ինչպես նաև կոմունիկացիոն ոլորտում գործող արտոնությունները և այլն: 

2018թ. իշխանազավթումից հետո հայ-ռուսական հարաբերություններն էականորեն վնասվեցին:

Փոքր պատճառ էր նաև այն, երբ 2019թ. հոկտեմբերին, կուրացնող էյֆորիայի ճահիճի մեջ խեղդվող Նիկոլը, օդանավակայանում չդիմավորեց ՌԴ նախագահ Պուտինին: Իսկ ՔՊ-ում և շուրջը հավաքված սորոսածին զանգվածը, գովերգելով քաջ Նիկոլին՝ «անկախության գերդոզավորումից օրգազմ» էր ապրում: Այնինչ, նրանց նպատակը հայ-ռուսական հարաբերություններն ամեն գնով փչացնելն էր՝ խոչընդոտներ ստեղծելով Արցախի հարցի հայանպաստ լուծուման ու ՀՀ անվտանգային համակարգի համար:

Վերադառնալով արարողակարգերին՝ հիշենք, թե ինչպես էր 2019թ. հկտեմբերի 1-ին, Պուտինին չդիմացորող Նիկոլը, մեկ օր հետո, հոկտեմբերի 2-ի երեկոյան, ՌԴ նախագահի հետևից, գրեթե վազեվազ հասնում «Զվարթնոց», որպեսզի անձամբ ճանապարհի նրան և փորձի հարթել իր նկատմամբ տեսանելի դարձած անբարյացկամ վերաբերմունքը:

Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը գերտերություններ են: Աշխարհաքաղաքականության չգրված կանոններին համաձայն, նրանց նկատմամբ անհրաժեշտ է ունենալ բացառիկ ընդգծված վերաբերմունք: Սերժ Սարգսյանը կարողանում էր ոսկերչական հավասարակշռությամբ ապահովել գերտերությունների լոյալ վերաբերմունքը Հայաստանի քաղաքականության նկատմամբ: Դրա համար էին Հայաստանի թշնամիները և հատկապես Ալիևը շատ երջանիկ՝ Հայաստանում իշխանափոխությամբ: Հայաստանում պետք է ձև գտնել և մերժել բոլոր այն կաղկանձող ձայները, ովքեր Ռուսաատանի, Չինաստանի կամ ԱՄՆ -ի դեմ հակաքարոզչություն են իրականացնում»,-ընդծել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս