Մինչև սեռական հասունացումը մարդու օրգանիզմն ակտիվորեն պահպանում է ռիբոսոմային ԴՆԹ-ն՝ բջիջների գոյատևման համար կարևոր ռիբոսոմների ռիբոնուկլեինաթթվային բաղադրիչ, որն էական դեր է խաղում սպիտակուցների սինթեզում բոլոր օրգանիզմների բջիջներում, կազմում է ռիբոսոմի զանգվածի գրեթե 60% (40% - սպիտակուց)։ Սակայն, չափահասության շրջանում դրա արդյունավետությունը նվազում է, ինչն ակտիվացնում է ծերացման մոլեկուլային մեխանիզմները: Նման եզրակացության են հանգել գիտնականները Գերմանիայից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Aging-US բժշկագիտական հանդեսում:
Գիտնականները վերլուծել են ծննդյան օրվանից մինչև 18 տարեկան 280 մարդու արյան նմուշները: Նրանք գնահատել են երկու ցուցանիշ. rDNA պատճենների քանակը և դրանց մեթիլացման մակարդակը՝ քիմիական նշան, որն «անջատում է» գեների ակտիվությունը: Պարզվել է, որ երեխաների և դեռահասների շրջանում ակտիվ (չմեթիլացված) պատճենների քանակը չի նվազում, այլ փոքր-ինչ ավելանում է: Դա նշանակում է, որ դեռահասության շրջանում բջիջները պահպանում են rDNA ֆունկցիան «երիտասարդ» վիճակում:
Չափաասների շրջանում նկատվում է հակառակ գործընթացը. տարիքի հետ ակտիվ պատճենների քանակը նվազում է, մինչդեռ մեթիլացման մակարդակը մեծանում է: Գիտնականների կարծիքով՝ նման փոփոխությունները ծառայում են որպես բջջային ծերացման հուսալի բիոմարկեր:
«Մեր տվյալները ցույց են տալիս, որ երիտասարդների հյուսվածքներում ակտիվ rDNA-ի վիճակը պահպանվում է մոլեկուլային մակարդակում: Դա կարող է լինել բջջային երիտասարդությունը պահպանելու բնական մեխանիզմի մի մասը», - նշում են հեղինակները։
Հետազոտությունը միաժամանակ ցույց է տվել, որ rDNA-ի փոփոխությունները կապված չեն երեխաների զարգացման ուշացումների հետ և, հետևաբար, վաղ պաթոլոգիաներ չեն առաջացնում։
Արդյունքները հաստատում են այն գաղափարը, որ կենսաբանական ծերացումը շարունակական գործընթաց չէ, այլ մեխանիզմ, որն ակտիվանում է, երբ օրգանզիմը պատրաստ է վերարտադրվել: Հետազոտողները նշում են, որ այս հայտնագործությունը կարող է փոխել ծերացման դեմ պայքարի մոտեցումը: Դրա հետևանքները բուժելու փոխարեն, գիտնականները առաջարկում են կենտրոնանալ երիտասարդության շրջանում բջիջները տարիքային փոփոխություններից պաշտպանող մեխանիզմների ամրապնդման վրա: