Գիտնականները ինքնատիպ նախագիծ են իրականացնում. աշխարհում առաջին ինքնավար ստորջրյա «գլայդերը»՝ Redwing-ը, շուրջերկրյա ստորջրյա ճամփորդություն կկատարի, հաղորդել է Interesting Engineering-ը։
Redwing-ը Slocum Sentinel Glider է՝ ինքնավար ստորջրյա տրանսպորտային միջոց, որը նախատեսված է երկար ժամանակ առանց մարդու միջամտության գործելու համար։ Դրա առաքելությունն է՝ հավաքել տվյալներ օվկիանոսների վիճակի մասին, աջակցել ծովային հետազոտություններին եւ բարելավել ծովային անվտանգությունն ու մոնիթորինգը։
Գլայդերն ուղեւորությունը կսկսի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մարթաս Վինյարդ քաղաքից։ Redwing-ի երթուղին կհետեւի Մագելանի երթուղուն. այն կայցելի Աֆրիկայի հյուսիսարեւմտյան ափին գտնվող Գրան Կանարիա, Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն, Արեւմտյան Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ֆոլքլենդյան կղզիներ եւ, հնարավոր է, Բրազիլիա՝ ճանապարհորդությունն ավարտվելով Քեյփ Քոդում։ Ընդհանուր տարածությունը մոտ 73 000 կիլոմետր է։
Սարքը կարող է սուզվել մինչեւ 1 000 մետր խորությամբ եւ ունի մեկ տարուց ավելի տեւողությամբ առաքելություններ իրականացնելու հնարավորություն։ Այն նախատեսված է բազմաթիվ սենսորներ եւ սարքավորումներ տեղավորելու համար. Redwing-ը կարող է միաժամանակ օգտագործել ութ սենսոր, հավաքել տվյալներ եւ արդյունքները յուրաքանչյուր 12 ժամը մեկ փոխանցել արբանյակին։
Sentinel Mission անվամբ նախագիծն իրականացվում է Teledyne Marine-ի կողմից՝ Rutgers University-ի համալսարանի հետ համատեղ։ Մասնակցում են նաեւ NOAA-ն, ՄԱԿ-ը (Ocean Decade-ի շրջանակում) եւ Marine Technology Society-ն։ Նպատակն է զարգացնել օվկիանոսի դիտարկման տեխնոլոգիաները, ամրապնդել ծովային միջավայրի պաշտպանության ջանքերը եւ ստանալ նոր տվյալներ կլիմայի, հոսանքների եւ էկոհամակարգերի վերաբերյալ։