Հոլիվուդի ամենաճանաչված ու սիրված դերասանուհիներից մեկը՝ «Օսկար» մրցանակի դափնեկիր Դայան Քիթոնը, մահացել է 79 տարեկանում։
Ինչպես հայտնում է People պարբերականը՝ հղում անելով ընտանիքի ներկայացուցչին, դերասանուհին մահացել է Կալիֆոռնիայում։ Հարազատները խնդրել են այս դժվար պահին հարգել իրենց անձնական կյանքի իրավունքը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։ Ըստ TMZ-ի՝ շաբաթ առավոտյան՝ ժամը 8:00-ի սահմաններում, Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը կանչ է ստացել դերասանուհու տնից։ Շտապօգնությունը կնոջը տեղափոխել է մոտակա հիվանդանոց․ աղբյուրները պնդում են, որ դա Քիթոնն էր։
Դայան Քիթոնը Հոլիվուդի անկախության, ինտելեկտի և էքսցենտրիկության խորհրդանիշն է։ Նրա կարիերան տևել է ավելի քան կես դար՝ սկսած «Կնքահայրը» ֆիլմում Քեյ Ադամսի դերից մինչև պաշտամունքային Էնի Հոլը, որը նրան «Օսկար» բերեց 1978 թվականին։
Նա դարձել է 1970-ականների մի ամբողջ դարաշրջանի դեմքը և շարունակել է ոգեշնչել հանդիսատեսի նոր սերունդներին «Բեյբի Բում», «Հարսնացուի հայրը», «Առաջին կանանց ակումբը» և «Սերն՝ ըստ կանոնների և առանց» ֆիլմերով։
Ծնվել է 1946 թվականի հունվարի 5-ին Լոս Անջելեսում, Դայան Հոլը (դերասանուհու իսկական անունը) վաղ տարիքից դրսևորել է դերասանական տաղանդ։ Քոլեջից հետո նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ իր դեբյուտը նշել է Բրոդվեյի Hair մյուզիքլում՝ հրաժարվելով, սակայն, բեմում մերկանալ, ինչն արդեն այդ ժամանակ ընդգծել է նրա անկախ բնավորությունը։
Ճակատագրական է դարձել հանդիպումը Վուդի Ալենի հետ. «Խաղա նորից, Սեմ» պիեսում դերը նրան բերել է «Թոնի» մրցանակի անվանակարգ և ճանապարհ բացել դեպի մեծ կինո։ Երկու տարի անց Քիթոնը նկարահանվել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմում, և աշխարհը նրան հիշել է որպես Մայքլ Կոռլեոնեի կնոջ կերպարում։
Իսկական հաղթանակը եկել է «Էնի Հոլ» ֆիլմի հետ․ ֆիլմ, որը փոխել է ռոմանտիկ կատակերգությունների մասին պատկերացումները։ Քիթոնը ստեղծել է մի կերպար, որում համադրվում են խոցելիությունը, հումորը և յուրօրինակ ոճը։ «Վուդին վստահ չէր, որ դա կաշխատի,— հիշում էր նա։— Նա ասում էր. «Սա պարզապես ևս մեկ սիթքոմ է»։
1980–1990-ականներին դերասանուհին ամրապնդել է հոլիվուդյան լեգենդի կարգավիճակը՝ Reds-ից և Baby Boom-ից մինչև Father of the Bride։ 2003 թվականին նա կրկին գերել է հանրությանը Ջեք Նիկոլսոնի հետ նկարահանված «Սերն՝ ըստ կանոնների և առանց» ֆիլմում։
Բացի դերասանական տաղանդից, Քիթոնը դարձել է նաև նորաձևության օրինակ. տղամարդու նրա կոստյումները, գլխարկները և փողկապները վերածվել են անհատականության խորհրդանիշի։ 2017 թվականին Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտը նրան մրցանակ է շնորհել կինոյում ունեցած ավանդի համար, իսկ 2022 թվականին դերասանուհին թողել է իր ձեռքերի և ոտքերի դրոշմները TCL Չինական թատրոնում։
Անձնական կյանքում Դայանը մնացել է նույնքան անկախ, որքան էկրանին։ Նա այդպես էլ չի ամուսնացել, թեև սիրավեպեր է ունեցել Վուդի Ալենի, Ուորեն Բիթիի, Ալ Պաչինոյի և Ջեք Նիկոլսոնի հետ։ 50 տարեկանում նա որդեգրել է երկու երեխայի՝ Դեքսթեր դստերը և Դյուկ որդուն։
«Երևի ես իմ սերնդի միակ կինն եմ, որն այդպես էլ չամուսնացավ,— ասել է նա։— Եվ ուրախ եմ, որ չարեցի դա։ Դա իմ պատմությունը չէ»։
Դայան Քիթոնը հանդիսատեսի հիշողության մեջ կմնա որպես խելքի, ոճի և մարդկային ջերմության մարմնացում, դերասանուհի, որը երբեք չի վախեցել ինքն իրեն հավատարիմ մնալուց։
news.am