ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել է այն լուրերը, թե Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին իբր փորձել են թունավորել Մոսկվայում:
Սիրիայի նախկին ղեկավարն ու նրա ընտանիքը հումանիտար պատճառներով ապաստան են ստացել Ռուսաստանում։
«Նա մեր մայրաքաղաքում ապրելու որևէ խնդիր չունի։ Ոչ մի թունավորում չի եղել»,-ասել է Լավրովը արաբական երկրների ԶԼՄ-ների հետ ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք` 2024թ–ի դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: