Քաթարի բարձրագույն պետական հաստատության՝ Ամիրի Դիվանի, երեք աշխատակից զոհվել է ավտովթարի հետևանքով Կարմիր ծովի ափին գտնվող եգիպտական Շարմ էլ Շեյխ հանգստավայրի մոտ, հայտնում է Եգիպտոսում Քաթարի դեսպանությունը։
Դեսպանության տվյալներով, ևս երկու մարդ վիրավորվել է և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն քաղաքային հիվանդանոցում։ Դեսպանությունից հայտնել են, որ վիրավորները և զոհվածների մարմինները կիրակի օրն ավելի ուշ կտեղափոխվեն Դոհա։
Անվտանգության ծառայության երկու աղբյուր Reuters-ին հայտնել է, որ քաթարցի դիվանագետներով մեքենան շրջվել է ճանապարհի ոլորանում՝ քաղաքից 50 կիլոմետր հեռու։
Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Քաթարի, Թուրքիայի և Եգիպտոսի պաշտոնյաները մասնակցել են Շարմ էլ Շեյխում այս շաբաթ ավելի վաղ կայացած անուղղակի բանակցություններին, որոնք հանգեցրել են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև համաձայնության՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի պատերազմը դադարեցնելու ծրագրի առաջին փուլի շրջանակում։ Երկուշաբթի օրը նույն քաղաքում տեղի կունենա գլոբալ գագաթնաժողով՝ համաձայնագրի վերջնականացման նպատակով։