ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ բաց չի թողել Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի ձեռքը՝ Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի լուսանկարահանման ժամանակ, որը հրավիրվել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատման և այնտեղ պահվող իսրայելցի բոլոր պատանդներին ազատ արձակելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է HuffPost պորտալը։
Ինչպես նշվում է, Թրամփը սովորական ձևով սեղմում էր այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձեռքերը, մինչ այն պահը, երբ դահլիճ մտավ Մակրոնը։ Այս երկու ղեկավարների ձեռքսեղմումը տևել է 27 վայրկյան։ Նախագահները սկզբում պարզապես ձեռք սեղմեցին և թեթևակի գրկեցին միմյանց, այնուհետև, գրում է պորտալը, «երկուսն էլ փորձեցին քաշել իրենց գործընկերոջ ձեռքը»։
Երբ Ֆրանսիայի ղեկավարը փորձել է ազատվել Սպիտակ տան ղեկավարի ձեռքերից, Թրամփը սկսել է ավելի ամուր բռնել նրան։ Ըստ HuffPost-ի՝ սա ստիպել է Մակրոնին բռնել իր գործընկերոջ նախաբազուկը։ Դրանով ձեռքսեղմումն ավարտվել է։