Թուրքիան մինչև վերջին պահը դիվանագիտական բանակցություններ է վարել Գազայի գագաթնաժողովի կազմակերպիչների հետ՝ ձգտելով կանխել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասնակցությունը։ Մի շարք այլ երկրներ նույնպես աջակցել են Անկարայի դիրքորոշմանը։ Այս մասին հաղորդում է Hürriyet-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է եգիպտական իշխանություններին, որ չի մասնակցի Գազայի գագաթնաժողովին, եթե միջոցառմանը ներկա լինի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնել է երկուշաբթի օրը Milat թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Պետական Anadolu գործակալության տվյալներով՝ Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը, մոտենալով Շարմ Էլ Շեյխին, թռել է թռիչքուղու կողքով, որոշ ժամանակ գտնվել Կարմիր ծովի օդային տարածքում, որից հետո ապահով վայրէջք է կատարել։
«Թուրքիան բողոքել է Նեթանյահուի մասնակցության դեմ և այդ դիրքորոշումն աջակցություն է գտել այլ պետությունների կողմից։ Մի խոսքով, Անկարան մինչև վերջին րոպեն ակտիվ դիվանագիտական բանակցություններ է վարել այս հարցի շուրջ և թույլ չի տվել Նեթանյահուի մասնակցությունը գագաթնաժողովին», - հայտարարել է Էրդողանին ուղեկցող լրագրող Հանդե Ֆըրաթը։
Նրա խոսքով՝ թուրքական պատվիրակությունը, իմանալով Նեթանյահուի մասնակցության հավանականության մասին, սկսել է գործել հենց ինքնաթիռում։
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը զանգահարել է իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյին և հայտնել, որ Նեթանյահուի մասնակցության դեպքում Թուրքիան կհրաժարվի ներկա գտնվել գագաթնաժողովին», - նշել է Ֆըրաթը։
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եգիպտոսի ղեկավար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովում ստորագրել են համապարփակ փաստաթուղթ՝ Գազայի հատվածի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։