Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամ գտնվող բացօթյա շուկայի տարածքում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ նշում էին, որ իրենք տեսել են ևս 1 քաղաքացու, ով նույնպես վնասվածք է ստացել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխվածի, նաև ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ մյուս տուժած քաղաքաղու ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը ճշտելու, նրան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: