Հայոց եկեղեցու և նրա սպասավորների դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ գործող իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հատել են բարոյականության բոլոր հնարավոր ու անհնար սահմանները։ Այս մասին միացյալ հայտարարություն են տարածել Թեհրանի և Սպահանի հայոց թեմերի թեմական խորհուրդները՝ արձագանքելով վարչապետի կողմից արդեն մոտ 2 շաբաթ շարունակվող արշավին։
«Սրանք ոչ այլ ինչ են, քան ազգադավ փորձ՝ հարվածելու հայ ժողովրդի հոգևոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար և անդառնալի հետևանքներով»,- նշված է հայտարարության մեջ։
Թեմական խորհուրդների կարծիքով՝ 2018 ի վեր ՀՀ իշխանություններն ընդգծված թշնամական վերաբերմունք են դրսևորում հայ ժողովրդի էության և ինքնության առանցքը կազմող բոլոր հենասյուների, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը հարյուրամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի ապավենն ու պահապանը։
Խորհուրդները խստորեն դատապարտում են այս հայտարարությունները, դրանք եղկելի անվանում և զորակցություն հայտնում Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոսին։
«Թող որ ամենակարող Տերը պահպանի ու պաշտպանի մեր եկեղեցուն երևելի և աներևույթ բոլոր չարքերից ու փորձություններից»,- եզրափակվում է հայտարարությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Հունիսի 9–ին Փաշինյանը հերթական գրառումն արեց` կրկնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ–ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։
Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ առաքելական եկեղեցուն։