ԱՄՆ–ում անկարգություններ են սկսվել նաև Վաշինգտոնում և Սիեթլում։ Մարդիկ աղբամաններ են այրել և հրավառ նյութեր նետել ոստիկանների վրա։
Վաշինգտոն նահանգի Սփոքեն քաղաքում բողոքի ցույցերի պատճառով պարետային ժամ է սահմանվել տեղական ժամանակով 21:30-ից մինչև առավոտյան 5:00-ը։ Ավելի վաղ նույն միջոցին էին դիմել Լոս Անջելեսի իշխանությունները։
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է` ԱՄՆ–ում ներգաղթային քաղաքականությունից դժգոհ մարդիկ անկարգություններ են կազմակերպում ամերիկյան քաղաքների փողոցներում։ Լոս Անջելեսում փողոց դուրս եկածները թալանել են մի քանի տասնյակ առևտրային ձեռնարկություններ և միլիոնավոր դոլարների վնաս հասցրել տեղական բիզնեսին։
Լոս Անջելեսում ցուցարարները չեն ցրվել պարետային ժամի սկսվելուց հետո և շարունակել են իրենց ակցիաները պարետային ժամի գոտուց դուրս։ Ձերբակալություններ են տեղի ունեցել, ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել այն ցուցարարների դեմ, որոնք չեն ցանկացել ցրվել։ Արդյունքում ոստիկանությունը շրջափակել է ցուցարարների մի մեծ խումբ։ Մարդիկ սկսել են դուրս գալ բազմությունից` ձեռքերը վեր բարձրացրած։ Դրանից հետո որոշվել է ապաշրջափակել ցուցարարների խումբը՝ պայմանով, որ նրանք կդադարեցնեն ակցիան։
Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մոտ 5 հազար ամերիկացի զինվորական է տեղակայվել, ինչը գերազանցում է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ զորքերի ընդհանուր թիվը։ Քաղաքում անվտանգության և ծովային հետևակի մոտ 4,8 հազար զինծառայող է գտնվում, մինչդեռ Սիրիայում նրանց թիվը 1,5 հազար է, իսկ Իրաքում` 2,5 հազար։