Ո՞վ է որոշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, և ինչո՞ւ է Հայաստանը մղվել երկրորդ պլան
Հունիսի 13, 2025

Ո՞վ է որոշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, և ինչո՞ւ է Հայաստանը մղվել երկրորդ պլան

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրանական կողմն ակտիվորեն անդրադառնում է Իրանի դերին ռեգիոնալ կապուղիների ապաշրջափակման գործընթացում։

Օրերս ԻԻՀ գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, թե իսլամական հեղափոխությունից հետո Իրանը երբեք այսքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել։

«Այդ հզորության ցուցանիշներից մեկը Հարավային Կովկասի ճգնաժամին Իրանի կտրուկ և վճռական արձագանքն էր։ Այն ժամանակ, երբ որոշ երկրներ ցանկանում էին Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տարածքով, մի նախագիծ, որի իրական նպատակը Հայաստանը մասնատելն ու Եվրոպայի հետ Իրանի կապը դադարեցնելն էր, Իրանը մեծ զգոնությամբ և ուժով դեմ դուրս եկավ դրան և կանխեց այդ դավադրությունը»,- իրանական Tasnim-ի փոխանցմամբ, նշել է իրանցի պաշտոնյան:

Վելայաթին ասել է՝ նույնիսկ առանց Ռուսաստանի, իր իմաստուն քաղաքականությամբ Իրանը կարողացավ պահպանել Կովկասի անվտանգությունը՝ թույլ չտալով ՆԱՏՕ-ի մուտքը տարածաշրջան:

Նրա խոսքով՝ Իրանի ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն ուղղված է երկրի շահերի պաշտպանությանը, այլև ամուր խոչընդոտ է տարածաշրջան օտարերկրյա ազդեցության ներթափանցման դեմ:

Վերջերս էլ Երևանում էր Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն, ով ելույթ ունեցավ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում և հարցազրույց տվեց։ Իր ելույթում նա նշել էր, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում կցանկանար հստակ դիրքորոշում լսել նաև հայկական կողմից։ Այնուհետև հարցազրույցով նա պարզաբանել էր, որ իր այդ խոսքը մտահոգությունից չի եղել։

«Դա գալիս է նրանից, որ մենք պետք է հստակեցնենք և վերահաստատենք այն, ինչում մենք համակարծիք ենք, որ մեզ անհրաժեշտ է փոխկապակցվածություն, մեզ անհրաժեշտ է հաղորդակցության դիվերսիֆիկացում և մեզ անհրաժեշտ են տարբեր տրանսպորտային ուղիներ, բայց մենք չպետք է հետևենք նախագծերին, որոնք դուրս են թողնում մյուսներին կամ փոխում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական լանդշաֆտը:

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ «Թեհրանի երկխոսություն» համաժողովը, որին մասնակցում էր նաև պարոն Գրիգորյանը: Ես նրա հետ բեմին էի, մենք քննարկում էինք Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Բայց ես նաև ուզում էի համոզվել, որ մենք նույն բանը նկատի ունենք, երբ օգտագործում ենք տարբեր ձևակերպումներ, և, որ մենք լավ ենք հասկանում միմյանց: Այսպիսով, և այնտեղ, և այստեղ ես ուզում էի համոզվել, որ երբ մենք խոսում ենք հաղորդակցային ուղիների դիվերսիֆիկացման, տարբեր տրանսպորտային ուղիների և տարանցումների մասին, և երբ մենք խոսում ենք խաչմերուկների մասին, մենք նկատի ունենք միմյանց կապելը, այլ ոչ թե միմյանցից բաժանելը»,- ասել էր Խաթիբզադեն։

Մայիսի վերջին Լաչինից վերադարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նշել էր, թե Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թյուրքական աշխարհ՝ Թուրքիայի միջոցով»,- ասել էր նա՝ հավելելով, թե ակնկալում են, որ հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը։

Սրան հաջորդել էր հունիսի 4-ին ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը Էրդողանի ու Ալիևի հետ Կուրբան Բայրամի առիթով։

Ուշագրավ է նաև, որ Փաշինյանը ևս հեռախոսազրույցներ ունեցավ թե Փեզեշքիանի, թե Էրդողանի հետ։

Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցում Թուրքիան ընդունում է Իրանի ազդեցիկ դերակատարությունը, ուստի, ըստ էության, այս երթուղու հարցում ինչ-ինչ շահեր ունեցող ռեգիոնալ այս երկու ուժերի մակարդակում է ընթանում բանակցությունը։

Ըստ նրա, թուրքական դիվանագիտությունը հարցին փորձում է մոտենալ տարբեր փուլերում՝ թե Իրանի հետ հարաբերությունների սրման, թե ավելի կարգավորման միտումների փուլերում։

«Դատելով հայտարարություններից՝ Թուրքիան շարունակելու է աշխատել Իրանի դիմակայությունը թուլացնելու, վերացնելու ուղղությամբ, իսկ Իրանը շարունակելու է ընդդիմանալ պրոյեկտի, որը ենթադրում է որևէ երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտում։ Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ Իրանի հայտարարություններն ավելի վստահ են դառնում, Իրանն ավելի ամրապնդել է իր դիրքերը, ի տարբերություն Ռուսաստանի, որի հարավկովկասյան քաղաքականության ակտիվ փուլը կարծես «անջատված է», և Ռուսաստանը սպասում է ապագա վերադիրքավորումների։ Մինչդեռ Իրանն ու Թուրքիան պահը բաց չեն թողնում և չեն պատրաստվում զիջել, հետ կանգնել իրենց ռազմավարական շահերից»,- ասաց նա։

Խրամչիխինն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թե՛ իրանական, թե՛ թուրքական հայտարարություններում ՀՀ դերակատարության, դիրքորոշման մասին քիչ է խոսվում։ Դրա պատճառը, նրա խոսքով, այն է, որ այս հարցն այլևս ռեգիոնալ տիրությունների միջև անուղղակի բանակցությունների ու պայմանավորվածությունների թեմա է։

«Բացի այդ, հայկական կողմը որևէ սուր, կոշտ հայտարարություն չի անում, խոսվում է ապաշրջափակման հայկական պրոյեկտի մասին։ Թերևս այս հարցում շահագրգիռ կողմերը ամենամեծ խնդիրը համարում են ոչ թե ՀՀ, այլ Իրանի դիրքորոշումը։ Դա հասկանում են նաև Իրանում, ինչն էլ արտացոլվում է իրենց հայտարարությունների տողատակերում։ Այս ամենում դրական նորությունն այն է, որ ռեգիոնում Ղարաբաղյան վերջին մեծ պատերազմից հետո, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, Իրանի դիրքերն ակտիվացել են, Իրանի շահերը հաշվի են առնվում, ինչը փոքր-ինչ բալանսավորում է Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունն Անդրկովկասում։ Սակայն թեման այսքան սպառված չէ, Թուրքիան Իրանի հետ այս թեմայով «խոսելու» հարմար պահի է սպասելու կամ փնտրելու նման պահ, իսկ Իրանը տրամադրված է չընկրկել և ակնկալում է այդ հարցում աջակցություն նաև պաշտոնական Երևանից՝ հայտարարությունների ու փոխըմբռնման տեսքով»,- ասաց Խրամչիխինը։

Նա գտնում է, որ Իրանի դիրքորոշման պահպանումն այս հարցում կախված է մի շարք աշխարհաքաղաքական զարգացումներից։

«Առաջին հերթին՝ ԱՄՆ-Իրան, ապա՝ ՌԴ-ԱՄՆ բանակցություններից, որոնց շրջանակում մասամբ քննարկվում է նաև Իրանի միջուկային ծրագրի հարցը, և այստեղ ՌԴ-ն որոշակի միջնորդություն է իրականացնում, քանի որ այս սրացումը բացառելը ՌԴ-ի ուղիղ շահն է։ Ոչ պակաս կարևոր են իրադարձությունները Մերձավոր Արևելքում և հատկապես Իսրայելի շուրջ։ Այս ամենում Իրանի ամրապնդումը կամ թուլացումը կարող է էական ազդեցություն ունենալ Իրանի հարավկովկասյան դիրքերի վրա։ Բնականաբար, արտաքին քաղաքական իրավիճակում, երբ Իրանն առնչվի լուրջ սպառնալիքների, այլևս բարդ կլինի կարմիր գծեր պահպանել այլ գոտիներում, հաշվի առնելով այդ իրավիճակում հնարավոր նոր ճնշումները։ Հակված եմ մտածել, որ լայն սրացում Իրանի շուրջ չի լինի, թեև հենց այս ժամերին ԱՄՆ-ի ու Իրանի որոշ ներկայացուցիչներ փոխանակվում են ռազմական սպառնալիքներով։ Սակայն Իրանը տեղում՝ ռեգիոնում, շատ ավելի լայն հնարավորություններ ունի, քան ԱՄՆ-ը։

Ուստի գլոբալ ուղղություններում բանակցողների շուրջ ձևավորվող իրավիճակը ստեղծում է համապատասխան մթնոլորտ նաև փոքր հարցերում վերադիրքավորումների համար։ Իրանին դեռ հաջողվում է պահպանել իր հարավկովկասյան ուղղությունը՝ անփոփոխ, սակայն իրադարձությունները կարող են նաև կանխատեսելի լինել»,- ասաց վերլուծաբանը։

168.am

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 12 Հունիսի 2025 15:36

Լրահոս

Ֆոտո

Թրամփ․ Իրանի ԶՈՒ ԳՇ հրամանատարն ու ԻՀՊԿ կորպուսի հրամանատարը սպանվել են․ Նրանք սպառնում էին Իսրայելին

Որոշ իրանցի արմատականներ այլևս չկան. Իրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ ամեն ինչ չեն ջնջել. Թրամփ

Իսրայելը կրկին հարվածել է Նաթանզի միջուկային օբյեկտին. Հարված է հասցվել նաև Իրանի Շիրազ քաղաքին

Իրանի վրա հարձակման հետևանքների ողջ պատասխանատվությունը կընկնի Իսրայելի ղեկավարության վրա. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ–ն նախապատրաստվում է հնարավոր սցենարներին․ ՀՀ ԱԽՔ

Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան

Իրանն օգտագործելու է հզոր հրթիռներ, ինչից հետո միջամտելու են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն՝ միասին ռմբակոծելով Իրանը․ Ժիրինովսկու կանխատեսումը

Կրեմլ. Ռուսաստանը դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Թավրիզի օդանավակայանի մերձակայքին

Ռիսկային վիճակում է հայտնվելու ողջ տարածաշրջանը, ցավոք, նաեւ Հարավային Կովկասը. Խանլարյան

Jerusalem Post. Իսրայելի հարվածները Իրանի վրա կշարունակվեն մի քանի օր

TOI. Մոսադի գործակալները անօդաչու թռչող սարքերի բազա են տեղադրել Իրանի տարածքում՝ Թեհրանի մոտակայքում

Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի և բանակի հրամանատարների սպանության մասին լուրերը

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում Իսրայելի հարվածից հետո

Իրանի դեմ միակողմանի hարձակումը վերջ է դնում տարածաշրջանային կայունությանն ու համաշխարհային խաղաղությանը. ՀՀ ԱԳՆ