«Մի՞թե մտածում էիք, որ այս էժանագին բլեֆը չի բացահայտվելու»․ Մարգարիտ Եսայան
Հունիսի 13, 2025

«Մի՞թե մտածում էիք, որ այս էժանագին բլեֆը չի բացահայտվելու»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանզի ինքս, բարեբախտաբար, ԱԺ պատգամավոր չեմ և չեմ հանդիսանում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, երեկ, երբ տարածվեց «Հայաստան» դաշինքի ղեկավարի «հպարտ» հայտարարություն-գրառումը, թե իրենց 28 պատգամավորները ստորագրեցին վարչապետին անվստահություն հայտնելու ձևաթուղթը, սրտանց ուրախացա, իրոք, ականատեսներ կան, երեխայի պես ուրախացա և շտապեցի ողջունել այդ քայլը։ Ուրախացա, որ իմ որոշ ընկեր-բարեկամների հարցում չեմ սխալվել, երբ կարծել եմ, որ կարևոր-ճակատագրական պահին նրանք կանեն ճիշտ և հայրենանպաստ քայլ։

Բայց, ուրախությունս կարճ տևեց, որովհետև անմիջապես պարզվեց, ավելի ճիշտ՝ հայտնի դարձավ, որ, այն, ինչ պարոն գեներալը ներկայացրել և, ապա, իրենց պատգամավորները հպարտորեն տիրաժավորել են, դեռ՝ հոխորտալով, իմպիչմենտի նախաձեռնողների հասցեին մատ թափ տալով, թե, ահա, ստորագրություն էիք ուզո՞ւմ, ստացեք, ոչ այլ ինչ է, եթե ոչ ամենասովորական, էժանագին և՝ տխուր բլեֆ, այլ բառով՝ սուտ։ Որովհետև ստորագրությունների այն թերթիկը, որը ներկայացվեց և անգամ իրենց շարքերին մոլորության մեջ գցեց, առհասարակ ոչ մի կապ չունի անվստահության գործընթացի հետ, դա սովորական մի թերթիկ է, որը, հավանաբար, ինչպես բացահայտեցին պատգամավորները

«Պատիվ ունեմ» խմբակցությունից, ՍԴ-ին ժամանակին ուղղված ստորագրությունների թերթիկ է, որը, ընդորում, ներկայացվել է ոչ ամբողջությամբ, քանզի նման թերթիկ-գրառումներում, ուղղված ՍԴ-ին, եղել են նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ստորագրությունները, և այդ հատվածը, հասկանալի պատճառներով, տվյալ դեպքում չի ներկայացվել։ Ցավով արձանագրեցի, որ «գեղցիական շյուստրիությունը» միայն նիկոլին չէ հատուկ։

Ինչո՞ւ եմ սա գրում, պարզ է, չէ՞, որ կարող էի փոփ-կորն առնել և դիտել այս տրագիկոմեդիան, բայց սիրտս ցավում է, այս ֆարսը անձամբ ես ընդունում եմ նաև որպես անձնական վիրավորանք, որովհետև իմ շատ ընկերներ, շարքային դաշնակցականներ եւ այլք, նույնպես ազնիվ մոլորության մեջ են, ինչպես ես էի երեկ-երեկոյան տվյալ «ստորագրությունները» հրապարակվելուց անմիջապես հետո։ Այո, քաղաքականությունը կարող է լինել նաև՝ անազնիվ, սա հենց այդ դեպքն է։ Մի՞թե մտածում էիք, որ այս էժանագին բլեֆը չի բացահայտվելու, թե՞ մտածում էիք, մենք կշարունակենք պարկեշտ գտնվել և չխոսել այս մասին։ Մենք, որ 2018-ից հետո անգամ, ձեզ հետ կողք-կողքի կռվել, ծեծվել, բանտ ենք նստել։ Ուրեմն, իրոք, 2018-ի թելերը ձեզ դեռ կապկպված են պահում։

Այս ամբողջ խայտառակ ֆարսի միակ ամոթն այն է, որ մի խուլ անկյունում նստած «գող փիսոն» քմծիծաղում և ատամներն է կրճտացնում։
Հ․Գ․ Մի արեք, պարզապես մի արեք, քաղաքը փոքր է, մի օր իրար երեսի ենք նայելու, երեսատեղ թողեք»

Rate this item
(0 votes)

Լրահոս