Որոշ մանրամասներ են պարզվել հունիսի 10-ի առավոտյան Գրաց քաղաքի դպրոցում կազմակերպված սպանդի համար կասկածյալի (անունը չի նշվում- խմբ․) մասին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Գրաց քաղաքում հրաձգությունը երկրի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկն է դարձել, ողբերգությունը տասը մարդու կյանք է խլել․ մահացել են 14-17 տարեկան երեխաներ, ինչպես նաւ 59-ամյա ուսուցչուհին: Այս պահին Գրացի հիվանդանոցներում մնում է հարձակումից տուժած 11 մարդ։ Հարձակվողը այդ դպրոցի նախկին աշակերտն է եղել․ 21-ամյա երիտասարդն իրեն «ծաղրանքների զոհ» էր համարում, նա ինքնասպան է եղել: Նրա գործողությունների դրդապատճառներն անհասկանալի են։
Ինչպես հայտնել է ավստրիական Kronen Zeitung թերթը՝ հղում անելով ոստիկանությանը, կասկածյալն ապրում էր իր ավստրիացի մոր հետ, որը նրան մենակ էր դաստիարակում։ Պարբերականի տեղեկություններով՝ նրա հայրը ծնունդով Հայաստանից է, և ամուսնալուծությունից հետո տղան նրա հետ նույն տանը չի ապրել։
Բացի հրաժեշտի նամակից, հարձակվողը նաև տեսաուղերձ է թողել մորը: Դրանում նա ներողություն է խնդրում այն բանի համար, «ինչ պատրաստվում է անել հիմա»: Այնուհետև նա շնորհակալություն է հայտնում մորը հոգատարության համար:
Ողբերգության կապակցությամբ զոհերի ընտանիքներին իրենց ցավակցություններն են հայտնել Ավստրիայի կանցլերը և նախագահը, երկրի նախարարներն ու կուսակցությունների ղեկավարները, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ: Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել։