Լոնդոն մեկնող Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա։ Այս մասին հնդկական ANI լրատվական գործակալությանը հայտնել է Ահմեդաբադի ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկը։
Նա նշել է, որ ոստիկանությունը, հրշեջները և այլ ծառայությունները րոպեների ընթացքում հասել են վթարի վայր։ Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Reuters գործակալությունը նշում է, որ ինքնաթիռը հարվածել է հանրակացարանի ճաշարանի հատվածին, զոհվել են բժշկական համալսարանի ուսանողներ։ Փրկարարները հայտնել են, որ վթարի վայրից հանել են 30-ից 35 մարմին։
Times Now հնդկական անգլիալեզու պարբերականը հաղորդում է, որ 110 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ։ Այնուամենայնիվ, այս տվյալները պաշտոնապես չեն հաստատվել։
BBC-ն զրուցել է թռիչքների անվտանգության մասնագետ Մարկո Չանի հետ, որը նշել է, որ ինքնաթիռի կործանման պահին եղանակային պայմանները կայուն են եղել, տեսանելիությունը լավ է եղել, քամին՝ բավական թույլ։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին հայտնել է ճգնաժամի արձագանքման թիմերի ստեղծման մասին ինչպես Բրիտանիայում, այնպես էլ Հնդկաստանում։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցիալական հարթակում գրառում է կատարել՝ նշելով, որ Ահմեդաբադում տեղի ունեցած ողբերգությունը «ցնցել և տխրեցրել է մեզ»։ Մոդին հայտնել է, որ կապի մեջ է նախարարների և իշխանությունների հետ, որոնք օգնություն են ցուցաբերում տուժածներին։
Ինքնաթիռն Ահմեդաբադից վերելք է կատարել տեղական ժամանակով 13։38-ին և ուղղություն վերցրել դեպի Լոնդոնի Գեթվիք օդանավակայան, ուր պետք է ժամաներ տեղական ժամանակով 18։25-ին։ Րոպեներ անց ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռից դադարել են տվյալներ ստանալ, երբ այն գտնվում էր 190 մ բարձրության վրա։
Օդանավում գտնվել է 230 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Air India ավիաընկերությունը X սոցիալական հարթակում հաղորդել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում էր 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի։
Ինքնաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չէ։