Հայ Առաքելական Եկեղեցին «ռևանշիստական քարոզ» է անում, իր ժողովրդին տանում է դեպի «աղետ» (չակերտները՝ Խմբ.), ասել է Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն:
Նա բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին՝ ընդգծելով, որ կրոնական առաջնորդները պետք է ծառայեն Միասնական Արարչին և Ճշմարտությանը, խթանեն խաղաղությունն ու փոխըմբռնումը և «չսադրեն հակամարտություններ» (չակերտները՝ Խմբ.)։
«Ես կոչ եմ անում Եկեղեցական համաշխարհային խորհրդին չաջակցել «ռևանշիստական քարոզչությանը» (չակերտները՝ Խմբ.), որը խախտում է փխրուն խաղաղությունը», - ասվում է նամակում։
Փաշազադեն առաջարկել է, որ ԵՀԽ-ն պատվիրակություն ուղարկի տարածաշրջանում իրական իրավիճակին ծանոթանալու համար։ Նա ասել է, թե 86,600 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Ադրբեջանի տարածքում «Արցախ» անունով վարչական միավոր «չկա» (չակերտները՝ Խմբ.):
«Նույնիսկ Հայաստանի վարչապետն էր ստիպված ճանաչել այս «պատմական իրողությունը» (չակերտները՝ Խմբ.)», - նշել է նա։