ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հնարավոր է համարում անշարժ գույքի գների նվազումը։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը` ներկայացնելով 2024 թ. ֆինանսական կայունության հաշվետվությունը։
«Անշարժ գույքի շուկայում դիտարկվել են գնի աճի տեմպերի դանդաղման միտումներ։ Եկամտահարկի վերադարձի աստիճանական դադարեցման և անշարժ գույքի հնարավոր հագեցվածության պայմաններում այս շուկայում հետագա դանդաղումը համարում ենք հնարավոր»,– ասաց նա։
ԿԲ նախագահը խոսեց նաև անշարժ գույքի ոլորտին վերաբերող ռիսկերի մասին։
«Վերջին տարիներին շինթույլտվությունների և բնակարանային շինարարության բարձր աճը զուգակցված անշարժ գույքի շուկայում պահանջարկի հնարավոր հագեցման և հետագա հնարավոր նվազման միտումների հետ կարող է ստեղծել անշարժ գույքի շուկայի ավելցուկային առաջարկի ձևավորման ռիսկեր։ Միևնույն ժամանակ շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մեծածավալ աճը կարող է ոլորտում նախագծերի ֆինանսավորման աղբյուրների հնարավոր փոխարինման, պարտքի բեռի և դրանից ածանցված վարկային ռիսկերի կուտակման ազդակ հանդիսանալ»,– ավելացրեց Գալստյանը։
Անդրադառնալով բանկային ոլորտի գործունեությանը` ԿԲ նախագահը նշեց, որ 2024 թ. ընթացքում բանկային համակարգում գրանցվել է բարձր շահութաբերություն, որին նպաստել է սպառողական վարկերի բարձր աճը` իր բարձր եկամտաբերությամբ ու տոկոսներով։
Նա համոզված է, որ ներդրողների կողմից կա որոշակի վստահության պաշարի կուտակում մեր երկրի մակրոտնտեսական համակարգի նկատմամբ, և անգամ հնարավոր դեպքերի արագ զարգացման արդյունքում ՀՀ ֆինանսական համակարգից արտահոսք չի լինի։