Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Արցախի պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը, ամառանոցում և իր երկու մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթերք:
Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու հոկտեմբերի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խուզարկություններ կատարվեցին 44-ամյա տղամարդու բնակարանում, ամառանոցում և ավտոմեքենաներում:
Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, մարտական հինգ ատրճանակ, մեկ հրացան, ինքնաձիգի մեկ խլացուցիչ, սվին-դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ և այլ զինամթերք: Նրա ավտոմեքենաներից մեկի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: