Մերձավանում տեղի ունեցած կրակոցների, համայնքապետ Վալոդյա Գրիգորյան և ևս մեկ անձի սպանության դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Ավելի վաղ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։
Դեպքի առնչությամբ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշել է. «Մեկ անձ մոտեցել է և կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ, ապա փախուստի դիմել։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ»։
Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։
Նախքան Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները՝ փետրվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում․ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։
Հարցին՝ արդյո՞ք կան տվյալներ, որ այսօրվա սպանությունը վենդետա է եղել և կապ ունի ամիսներ առաջ տեղի ունեցած սպանության հետ, ՆԳՆ մամուլի քարտուղարն ասել է․ «Քննարկվում են բոլոր վարկածները։ Նշված դեպքից հետո Մերձավանում տարբեր անձինք են ձերբակալվել, զենք-զինամթերք է առգրավվել։ Այժմ զերծ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց»։