Ժնևում ավարտվել է Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, խորհրդակցություններից հետո Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է մնալ դիվանագիտության և վիճելի հարցերի փոխշահավետ լուծման կողմնակից։
Նրա խոսքով՝ ժամանակն է, որ եվրոպական եռյակը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճիշտ ընտրություն կատարեն ՝ դիվանագիտությանը ժամանակ և տարածք տալով։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ Արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով քննարկվել է եվրոպական եռյակի պահանջը, որի համաձայն Իրանը պետք է վերականգնի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ, ինչպես նաև վերսկսի դիվանագիտական բանակցություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի հասնելու համար:
ԱՄՆ-ն և եվրոպական եռյակի երկրները նախկինում համաձայնության էին եկել ընթացիկ տարվա օգոստոսի վերջը սահմանել որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ։ Եթե բանակցությունները ձախողվեն, ապա Եվրոպական եռյակը նախատեսում է վերսկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Թեհրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե պատժամիջոցները վերականգնվեն։